Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը դատական և իրավական ռազմավարության 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկն է։ Այս համատեքստում ռազմավարական ուղություններից են․
- փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը,
- իրավունքների վերականգնումը,
- պատասխանատվության վրա հասնելը,
- զեկույցում ներկայացված տեղեկությունների ամփոփում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում
1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար անհրաժեշտ է ձևավորել Փաստահավաք հանձնաժողով։ Փաստահավաք հանձնաժողովը չունի իրավապահ կամ դատական մարմնին բնորոշ գործառույթներ:
Փաստահավաք հանձնաժողովը հանդես է գալու որպես անկախ, ինքնավար մարմին:
Ընդ որում, Փաստահավաք հանձնաժողովի գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացումն ապահովելու համար օրենքով կարող է նախատեսվել ենթադրյալ Խախտումներ կատարած անձանց կողմից ինքնակամ ներկայանալու և էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող բացատրություն տալու դեպքում նրանց քրեական հետապնդումից անձեռնմխելիություն ձեռք բերելու հնարավորությունը:
Նախատեսված էր, որ հանձնաժողովը ձևավորվելու է 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում: Սակայն հարկ է նշել, որ այն մինչ օրս չի ձևավորվել։
Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: Հանձնաժողովը ստեղծվելու է Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքով (անհրաժեշտության դեպքում օրենքի նախագծին կից կներկայացվի այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ), որով սահմանվելու են դրա կազմավորման և գործունեության կարգը, նպատակները, անդամներին ներկայացվող պահանջները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովում ներկայացված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի՝ տարբեր սեռերի, ազգային փոքրամասնությունների, խախտումներից տուժած անձանց ներկայացուցիչների, հեղինակություն վայելող գիտնականների, իրավաբանների, մարդու իրավունքների մասնագետների և այլ խմբերի ներկայացվածությունը:
Հանձնաժողովի անդամների ընտրության կարգը պետք է ապահովի այդ գործընթացի թափանցիկությունը և մասնակցայնությունը: Ընթացակարգը պետք է ընդգրկի հասարակական կազմակերպությունների, խախտումներից տուժած անձանց միավորումների, գիտական/կրթական հաստատությունների կողմից թեկնածուների առաջադրումը և պարունակի թեկնածուների ընտրության գործում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների լայն մասնակցության և պարտադիր հանրային քննարկումների վերաբերյալ պահանջներ: Հանձնաժողովի անդամների ընտրության մեխանիզմներ ներդնելիս պետք է բացառվի ոչ միայն հիերարխիկ կամ ինստիտուցիոնալ կապերի առկայությունը, այլև ապահովվեն քաղաքական ազդեցություններից թեկնածուների գործնական անկախության երաշխիքները: Հանձնաժողովի անդամներին ընտրելու է Ազգային Ժողովը, միաժամանակ ապահովվելու է նաև խորհրդարանական ընդդիմության ներգրավվածությունը թեկնածուների առաջադրման և ընտրության գործընթացում։
Առաջարկվող օրենքը պետք է նաև կարգավորի հանձնաժողովի գործունեության սկզբունքները, որոնք պետք է ներառեն անկախության, անաչառությունը, ապաքաղաքականացվածության սկզբունքները: Անդրադարձ պետք է կատարվի նաև հանձնաժողովի՝ վկաներ հրավիրելու և նրանց լսելու, անհրաժեշտության դեպքում քրեական գործերի նյութերին և օրենքով պահպանվող տեղեկություններին հասանելիություն ունենալու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից աջակցություն հայցելու և ստանալու, վկաների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու, հանրային քննարկումներ կազմակերպելու և այլ իրավասություններին:
Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:
Իրավունքների վերականգնում
Խախտումների մասին տեղեկությունների հավաքման արդյունքում հնարավոր կլինի դիտարկել տուժողների իրավունքների վերականգնման հարցը այնքանով, որքանով դա հնարավոր է: Որպես իրավունքի վերականգնման միջոցներ կարող են կիրառվել գույքային հատուցումները (միանվագ կամ պարբերական վճարումների ձևով), առողջապահական, կրթական ծառայություններին հասանելի դարձնելու հնարավորությունը, ինչպես նաև ներողության պաշտոնական հրապարակային հայցումը, տուժողի համաձայնությամբ նրա պատմության հրապարակումը և այլն:
Պատասխանատվության վրա հասնելը
Փաստահավաք հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ստացման դեպքում պետք է հնարավորություն ունենա դրանք հաղորդելու իրավապահ մարմիններին՝ քրեական վարույթի վերաբացում իրականացնելու կամ նոր քրեական գործ հարուցելու հնարավորությունը քննարկելու նպատակով՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Պատասխանատվություն կիրառելու գործընթացը դուրս է Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունից և գտնվում է բացառապես իրավապահ մարմինների և դատարանների լիազորությունների շրջանակում: Փաստահավաք հանձնաժողովը կարող է օժանդակել միայն տեղեկությունների փոխանցման եղանակով: Պատասխանատվության կիրառումը պետք է հիմնված լինի բացառապես Սահմանադրության և օրենքների վրա՝ ի թիվս այլնի հաշվի առնելով վաղեմության ժամկետները:
Զեկույցում ներկայացված տեղեկությունների ամփոփում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ
Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքների վերջնարդյունքը զեկույցի պատրաստումը և հրապարակումն է: Զեկույցը առնվազն պետք է ներառի կատարված աշխատանքը, ներառյալ՝ տուժողների պատմությունների ամփոփ նկարագիրը, դրանց տրվող գնահատականը, իրավունքների վերականգնման վերաբերյալ խորհրդատվական առաջարկը: Զեկույցի հրապարակումից հետո իրավասու մարմինների կողմից կարող են իրականացվել ձեռք բերված փաստերի նյութականացման աշխատանքներ (արխիվացիա, իրավունքների վերականգման հնարավորության և ձևերի քննարկում և այլն)։
Անցումային արդարադատության գործիքների կիրառման, ստացված տեղեկությունների ամփոփման, զեկույցի պատրաստման և հրապարակման արդյունքում պետք է դիտարկել ինստիտուցիոնալ բարեփոխումների կիրառման հնարավորությունը բոլոր այն ոլորտներում, որտեղ տեղեկությունները վկայում են համակարգային խնդիրների առկայության մասին: Դա պետք է արտացոլվի նաև մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրմամբ, որոնց կիրառումը կբացահայտի հնարավոր խախտումները և կահազանգի դրանց առկայության վերաբերյալ: Այդ բարեփոխումների նպատակը պետք է լինի այն հիմնադրույթը, որ խախտումները այլևս երբեք չպետք է կրկնվեն: