Կարծես թե արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելը դարձել է գործադիր իշխանության ազդեցության գործիքներից մեկը. Հարություն Հարությունյան

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է, որ 2020 թվականին պետք է քայլեր ձեռնարկվեին դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդման համար։

Իրավաբան․net-ը թեմայի վերաբերյալ խոսել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Հարություն Հարությունյանի հետ:

Պարոն Հարությունյան, արդեն 2022 թվականն է, Դուք որևէ փոփոխություն զգացե՞լ եք ոլորտում։ Ի՞նչպես կգնահատեք կատարված կամ կատարվող աշխատանքը։

-Անկեղծ ասած ես որևէ դրական փոփոխություն չեմ նկատել։ Բացասական փոփոխություններ՝ բավականին շատ։

Դատավորները հիմնականում հանիրավի ճնշման և հետապնդման են ենթարկվում կարգապահական վարույթների տեսքով։ Այսօր կարծես թե ՀՀ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթներ հարուցելը դարձել է գործադիր իշխանության ազդեցության գործիքներից մեկը։ Ամեն դեպքում, որպես իրավաբան, կարող եմ փաստել, որ դատական իշխանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ ոչ միայն չեն ձեռնարկվել, այլև առկա է հակառակ ազդեցությունը՝ դատարանի անկախությունը նվազեցնելու և դատարանների վրա գործադիր իշխանության ներգործության լծակները մեծացնելու համար։

Նախատեսված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի բարելավում, թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում։ Ձեր գնահատմամբ, այս գործողությունն իրականացվե՞լ է, եթե այո՝ որքանո՞վ։ 

-Իմ տպավորությամբ, համենայն դեպս վերջին մի քանի դեպքերում, կարծում եմ Բարձրագույն դատական խորհուրդn իր բարձունքում էր։ Եթե նույնիսկ համաձայն չես լինում որոշման ելքի հետ, ամեն դեպքում չի կարելի հերքել այն, որ որոշումները առավելապես մանրամասն պատճառաբանված են։

Ռազմավարությամբ առանձնացված գործողություններից էր նաև դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը և կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ ունենալը։ Ինչպես կգնահատեք այս կետը դատական իշխանությունն անկախ ու անաչա՞ռ է։

-Այս առումով հետաքրքիր իրավիճակ է։ Իմ կարծիքով դատական իշխանությունը երբեք այսչափ ճնշումների և ցնցումների չի ենթարկվել, բայց միևնույն ժամանակ ունեմ տպավորություն, որ այն երբեք այսքան անկախ և պահանջատեր չի եղել, որքան հիմա։ Համակարգի անկախությունը ապահովում են անհատ դատավորները, ովքեր ինչպես նախկինում, այնպես էլ հիմա զերծ են եղել տարատեսակ ճնշումներից։ Ցավոք, համակարգային անկախության մասին նույն կարծիքին չեմ կարող լինել։

Արդյո՞ք ՀՀն այժմ ունի կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ աշխատանքներ են տարվում կամ պետք է տարվեն այս ուղղությամբ։

-Թերևս դժվար է պատկերացնել կոռուպցիայից և հովանավորչությունից ամբողջապես զերծ դատական համակարգ, հետևաբար հեռու եմ այն կարծիքից, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք դրանից զերծ դատական համակարգ։

Կարծում եմ՝ այդ նպատակին հասնելու թիվ մեկ միջոցը դատավորների աշխատավարձերի էական բարձրացումն է։ Իհարկե նաև՝ դատավորների բարձր պատասխանատվությունը և անկախությունը՝ արդարադատություն իրականացնելիս, ինչպես նաև գործադիր մարմնի կողմից, մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարի կողմից իրավական ներգործության  բացառումը դատական համակարգի նկատմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել