Դավիթ Տոնոյանի, Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Քրեական գործը հունվարի 7-ին դատարան է ուղարկվել: Ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթևոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանը կալանավորվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել նույն այս գործի շրջանակներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել