«Շարժման սկզբի օրվանից մասնակցել եմ մարտական գործողություններին։ Ջոկատով մասնակցել եմ նաև 2016 թվականի քառօրյա պատերազմին, այս վերջին պատերազմին։ Իմ նախաձեռնությամբ 1991 թվականին ստեղծվել է «Քաջարի» ջոկատը։ Մեր ջոկատից ընդհանուր ունեցել ենք 9 զոհ, որից 3-ը՝ վերջին պատերազմում»․ պատմում է ազատամարտիկ, X զորամասի հիմնադիր Աղաբեկ Խաչատրյանը կամ ինչպես ընկերներն են ասում՝ Բեկը։
Նրա խոսքով՝ թշնամին հասկացել է, որ հայերի հետ լեռնային կռիվ տալ պետք չէ, չեն կարող։ Բեկը պատմում է, որ իրենց ջոկատով մարտական լուրջ գործողությունների են մասնակցել, հող ազատագրել ու այդ ամենից հետո վերջին դեպքերին ականատես լինելը շատ ցավոտ է։
«90-ական թվականներին էր դեռ, 17 հոգով հավաքվեցինք՝ երդում տանք, որ ով ողջ մնա՝ գա էստեղ մի մոմ վառի։ Ցավոք, երեքս ենք ողջ մնացել, Աստված տղեքի հոգին լուսավորի։ Փառքով կարողացանք պատերազմը հպարտորեն հաղթել, ոչ թե էսօրվա պես նվերներ ստացանք, այլ՝ հաղթեցինք, ազատագրեցինք մեր պապական հողերը։ Ես զարմանում եմ, որ որոշ մարդիկ Արցախ աշխարհի պատմությունը չգիտեն։ Ի՞նչ է, էդ մարդիկ անգրագե՞տ են։ Հիմա ինչի են իրենք հայերեն խոսում, երբ չգիտեն, որ Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին հայկական տառերն Աստծո կամքով գրեց հենց Ամարասում, Ստեփանակերտի մեջտեղում»,-նշում է Բեկը։
X զորամասն առավել հայտնի է դարձել 2020 թվականի պատերազմից հետո։ Զոհված հարյուրավոր զինծառայողների անուններով հուշաքարեր, լուսանկարներ, տարբեր իրեր են տեղ գտել բաց թանգարանում։ Դրա կառուցմանն օգնում են Բեկի ընկերները, զոհված զինծառայողների ծնողները, մեկը՝ մի պարկ ավազով, մեկը՝ սոսինձով, ով ինչով կարողանա։
Թանգարանը ձորի վերնամասում է։ Տարածքում նոր շենքեր են կառուցվում։ Բեկի խոսքով՝ որոշ մարդիկ նպատակ են ունեցել քանդել, մեկը հասկացել է, որ պետք չէ, մյուսը՝ ոչ, բայց թանգարանը քանդվելու ենթակա չէ։ «Սեփականատերերը թող հասկանան, որ մի մարդ չի կարող 15 հազար մետր հող ունենա, զոհվածի թանգարանը, ընդամենը 300 քառակուստի մետր, չլինի։ Սա զոհվածների տունն է, բոլորիս տունն է։ Ամեն այցելող թող իր զորամասը հիշի, այն X-ի տեղն իր զորամասի թիվը հիշի»,-նշում է նա։
Թանգարանում իր ուրույն տեղն ունի նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը․ նկարն այնպես է տեղադրվել, որ Շուշի գրվածի ուղղությամբ նայի։
«Շուշին մերն է լինելու, ոչ թե մերն է լինելու, այլ՝ մերն է։ Մեր ժողովուրդը, բոլորը պետք է հասկանան, որ առանց Արցախի Հայաստան գոյություն չունի։ Օդի մեջ պետք չի ասել՝ Արցախը մերն է ու վերջ։ Չէ։ Արցախի ու Շուշիի համար վերջիս հայն էլ պետք է արյուն թափի, որ մերը լինի»,-ասաց ազատամարտիկը։
Այստեղ են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վերքերից մի քանի կտոր։
«Ի՞նչ է նշանակում՝ բարեկամություն անել։ Իրենք 30 տարի ծնկած էին, ինչու՞ նման բան չէին առաջարկում, ասեին՝ հայեր ջան, եկեք բարեկամություն անենք․․․»,-ասաց ազատամարտիկը։
Սպարապետ Վազգեն Սարգսյանը, երբ հավաքելիս է եղել մահապարտներին, խիստ հորդորել է գերի չընկնել։ «Ասում էր՝ փորձվեք մեկդ գերի ընկնեք․ երդում Եռաբլուրում ենք տվել, ինչ գերու մասին է խոսքը։ Վերջին պատրոնը գրպանը դրած․․․»,-նշում է Աղաբեկ Խաչատրյանը։
«Հազար փառք, Վազգեն Սարգսյանին։ Էնքան լավ հիշողություն ուներ։ Բոլորին հիշում էր՝ անուն, ազգանունով, հայրանունով, հասցեով։ Գիտեր նաև՝ ով է ասֆալտի ֆիդային։ Հիմա, ընկեր ղեկավարներ, ո՞վ է ձեզ խանգարում, հրաման տվեք, ասեք հարուստներին՝ բերում եք զենք ենք առնում։ Կռվող տղեքով հենց հիմա դուրս ենք գալիս գնանք պատերազմ։ Թող էդ սարսափը Ալիևը լսի, ինքը լավ գիտի։ Ո՞նց որ Վազգեն Սպարատապետն իր եղբորն ասում՝ բեր գումարը, Դեմիրճյանը՝ տղային, մեկը մյուսին։ Զենք պետք է առնենք, զենք։ Ամեն մի մարդ թող օրը 10 դրամ տա, 10 միլիոն հայ ենք, մի ամսում տեսնենք ինչքան գումար է հավաքվում»,-ասաց Բեկը։
Մանրամասները՝ տեսանյութում