Փաստաբանների պալատի մենաշնորհը պետք է վերացնել. Գևորգ Գյոզալյան

Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ խոսել ենք փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ։

– Ըստ ձեզ՝ նման փոփոխությունների իրականացումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Այդ փոփոխությունները պետք է ավելի շուտ արվեր։ Այլ հարց է, որ դետալների հետ կապված որոշակի հստակեցում Արդարադատության նախարարությունը պետք է անի, որովհետև նախագիծը, որը շրջանառվում է մասնակի է լուծում այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են փաստաբանական համայնքի առջև։

Փաստաբանության մասին օրենքը 2004 թվականին է ընդունվել և դրանից հետո այդ օրենքում շատ քիչ փոփոխություններ են կատարվել։ Այնպես չէ, որ այդ օրենը լիարժեք կարգավորում էր այս ինստիտուտի հետ կապված իրավահարաբերությունները։ 

Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը։

-Երբ ես մասնակցում էի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին, ես ինքս այդ առաջարկն արել եմ և բնականաբար ես դրան չեմ կարող բացասական գնահատական տալ, որովհետև իմ նախընտրական ծրագրում հենց դա դրված էր։ Չքանդել այս սիստեմը, չջարդել դրա ողնաշարը, դա նշանակում է, որ մենք հերթական անգամ ունենալու են Փաստաբանական դպրոցի տնօրենի Փաստաբանների պալատի նախագահ դառնալը և ՓՊ նախագահի՝ դպրոցի տնօրեն դառնալու դեպքերը և այստեղ անուններն էլ էական չեն, եթե ենթադրենք Պողոսը ցանկացավ անընդհատ այդ մեխանիզմներն օգտագործելով՝ ինչ-որ մեկն այնտեղ միշտ լինելու է։ Հիմա սրա ողնաշարը պետք է ջարդել։ Կիսալուծում է, այնպես չէ, որ ամբողջությամբ է փակում այդ արատավոր երևույթը, բայց լուծում է։ Եթե կարողանան կոլեգիալ մարմնին տալ այդ իրավազորությունն, ապա այս առումով այդ համակարգի ողնաշարը որոշակի իմաստով կջարդեն։

Մեկ այլ հարց է գալիս, որ այդ նախագծով նրանք կրկին թողել են, որ մի փաստաբանը կարող է ընտրել մի քանի խորհրդի անդամ։ Սա պրոբլեմ է։ Այսինքն՝ մեկ ձայն, մեկ սկզբունք կոնցեպտը պետք է գործի։ Մի փաստաբանը մեկ խորհրդի անդամի կարողանա ձայն տալ, որպեսզի այն արատավոր ցուցակային ընտրությունները, որոնք կան, և որի զոհն ենք մենք, զանգերով գնալ ընտրությունների, առանց որևէ բան նայելու․․․ սրա դեմ կարելի է պայքարել մեկ ձայն, մեկ սկզբունք ձևաչափով։ Իսկ այն, որ Փաստաբանների պալատի նախագահը պետք է սահմանափակ լիազորություններ ունենա, դա քննարկման ենթակա չէ։

– Փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։

-Միանշանակ։ Պետությունը, եթե չեմ սխալվում, 300 միլիոն դրամ գումար է հատկացնում հանրային պաշտպանի գրասենյակին, և թե ինչ ձևով է դա այնտեղ օգտագործվում, սա մեծ բեռ է, եթե անգամ ելնենք այն կանխավարկածից, որ այնտեղ շատ փայլուն մասնագետներ են, որոնք չեն զբաղվում ուրիշ որևէ գործունեությամբ և զբաղված են միայն հանրային պաշտպանությամբ։

Իհարկե պրակտիկան այլ բան է ցույց տալիս, որ հանրային պաշտպանները կես դրույքով են ձևակերպվում, համ այդտեղ են հանրային պաշտպանություն անում, համ էլ մասնավոր գործեր են անում, սա անխուսափելիորեն ազդում է որակի վրա։ Իսկ դրա համար հարկատուները տարեկան 300 մլն դրամ են վճարում։

Եթե այս բեռը կվերցնեն, կդնեն կամավորության հիմունքներով այն փաստաբանների վրա, որոնք կանեն դա, սա ողջունելի է միանշանակ։ Նախագծով նրանք այս հարցին կարծես թե փորձում են էլի կիսալուծում տալ։ Այնպես չի որ տպավորված եմ, բայց լուծում է։

Ես կարծում եմ, որ առհասարակ այդ հանրային պաշտպանի գրավչությունն, ինչը ստիպում է գնալ, դառնալ պալատի նախագահ, պետք է ազատականացնել։ Իսկ ինչու դա պետք է անի հանրային պաշտպանի գրասենյակը, թող ազատականացնեն, թող հայտարարեն մրցույթ, պարտադիր պայման դնեն, որ հանրային պաշտպանությունը պարտադիր պետք է անեն փաստաբանները, բայց ոչ ինչ-որ մի կառույց, որովհետև այդ կառույցի համար այդ 300 միլիոնը գայթակղիչ է։ Շատ ժամանակ այդ ծախսերն են, որոնք նաև հնարավորություն են տալիս Փաստաբանների պալատին մեքենաներ գնել, պադավատներ ունենալ։ Թող ազատականացնեն։ Օրինակ՝ եթե մի ընկերություն ունենա պայմանական 50 հոգանոց աշխատակազմ՝ ինչո՞ւ նրանք չվերցնեն այդ հանրային պաշտպանությունը։ Ինչո՞ւ դա պարտադիր պետք է Փաստաբանների պալատն անի։ Պետք է հնարավորություն տալ նաև փաստաբանական գրասենյակներին։

-Պարոն Գյոզալյան, Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։

-Ինձ համար խնդրահարույց մնում է այն, որ Փաստաբանների պալատի մենաշնորհը պետք է վերացնել։ Չպետք է լինի միահեծան ինչ-որ մի պալատ և չպետք է մարդկանց պարտադրեն, որ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար պարտադիր անդամակցեն այդ պալատին, անդամակցությունն ինքը կամավոր սկզբունք է, պետք է կամավորության հիման վրա լինի և ես պետք է ունենամ այլընտրանք, յուրաքանչյուր փաստաբան պետք է ունենա այլընտրանք։ Այստեղ այլընտրանք չկա։ Նախագծով այս խնդիրը չի լուծվել։ Այս նախագծի հիմնական թերություններից մեկը համարում եմ դա։

-Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները։ Արդյոք դրանք պայմանավորո՞ւմ եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։

-Այս նախագիծը Արդարադատության նախարարությունում շատ վաղուց կար։ Այն առաջ էր տանում նույն Փաստաբանների պալատն՝ իր տարբեր մարմիններով, խորհրդով և այլն։ Այնպես չէ, որ այս նախագիծը նոր է։ Մինչ հեղափոխությունն այս նախագիծը լրիվ այլ տեսքով արդեն ընդունվում էր, հեղափոխությունից հետո տապալվեց և այն ԱՆ-ի համապատասխան դարակում մնաց։

Հիմա մոդա է դարձել ամեն ինչ կապել քաղաքականության ինչ-որ պրոցեսների հետ։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել