«Գևորգ Աջապահյան չեմ արդեն 37 տարի»․ Միքայել սրբազանը խնդրանքով դիմեց դատարանին

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում տեղի է ունենում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստերի դահլիճում ինչպես հոգևորականներ կան, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչներ։

Նիստը նախագահում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Նա մի քանի հարց ուղղեց Աջապահյանին և վերջինիս դիմեց իր անձնագրում նշված անունով՝ Գևորգ։ Ի պատասխան ամբաստանյալը նշեց․ «Ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, Գևորգ Աջապահյանը չեմ արդեն 37 տարի։ Մարդկանց 99 տոկոսն ինձ ճանաչում են որպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան։ Խնդրում եմ, ինձ դիմեք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, ոչ թե Գևորգ Աջապահյան»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ (Միքայել) Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել