Արցախից տեղահանված քաղաքացիների աշխատանքային ստաժի ճանաչման իրավական խնդիրները

Շատ արցախցիներ, որոնք տարիներ շարունակ աշխատել են Արցախի Հանրապետությունում և կատարել հարկային ու սոցիալական վճարներ, ներկայումս բախվում են այն խնդրին, որ իրենց աշխատանքային ստաժը չի հաշվարկվում ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս։ Սա բռնի տեղահանված անձանց հրատապ և իրավական լուծում պահանջող խնդիրներից է:

Արցախահայերի իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի իրավաբան Մարիաննա Ավագյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց՝ իրավական առումով խնդիրը բազմաշերտ է. առաջին խնդիրն այն է, որ աշխատանքային գրքույկները և աշխատավարձի, սոցիալական վճարների մասին փաստաթղթերը հաճախ մնացել են Արցախում կամ կորել են տեղահանման ընթացքում։ Երկրորդը՝ Արցախի պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի ճանաչման ընթացակարգը ՀՀ-ում հստակ և համակարգված չէ։

«Հատուկ դժվարություն է նաև այն, որ Արցախի պետական մարմինների կողմից վարվող ոչ ամբողջական տեղեկություններն են փոխանցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին, ինչի հետևանքով քաղաքացիների դիմումները՝ կենսաթոշակ նշանակելիս, չեն հանգեցնում ամբողջական ստաժի հաշվարկի, և ՀՀ ԱՍՀՆ-ից տրվում է պատասխան, որ հարցում է արվել ազգային արխիվ, որին ի պատասխան հայտնել են, որ տեղեկատվություն առկա չէ։

Նույնիսկ այն դեպքերում, երբ անձը ներկայացնում է աշխատանքային գրքույկ՝ պատշաճ կարգով լրացված, ամբողջական տեղեկատվությամբ և պաշտոնապես հաստատված, վարչական մարմինը չի հաշվարկում ամբողջական ստաժը՝ հղում անելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Չնայած օրենքի կարգավորմանը՝ իրավական և դատական պրակտիկան  ցույց է տալիս, որ աշխատանքային գրքույկը պետք է ընդունվի որպես հիմնական փաստաթուղթ, և եթե այն պատշաճ ձևով է ներկայացված, հավելյալ հաստատման կարիք չի պահանջվում։ Վարչական մարմինը կարող է ստուգել գրառումների ճշգրտությունը, բայց եթե դա հնարավոր չէ, պետք է առաջնորդվի տվյալների հավաստի լինելու կանխավարկածով, որպեսզի  անձի տարիների աշխատանքային ստաժը ամբողջական և արդարացի կերպով գնահատվի»,-նշեց Ավագյանը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է նաև աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը այն դեպքերում, երբ պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների պատճառով փաստաթղթեր ձեռք բերելն անհնար է։

Այնուամենայնիվ, տեղահանումից  անցել է արդեն մոտ երկու տարի և այս հարցը դեռևս չի լուծվել, իսկ հանձնաժողովը չի ստեղծվել։ Այս իրավիճակում այն անձինք, որոնց կենսաթոշակ է նշանակվել ՀՀ-ում կամ որոնք հասել են կենսաթոշակային տարիքին և պետք է կենսաթոշակ նշանակվի, շարունակում են զրկված մնալ իրենց տարիների աշխատանքի արդար հատուցումից։

«Հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա բռնի տեղահանված անձանց պարզեցված կարգով հաստատել իրենց աշխատանքային ստաժը, առանց երկարատև դատական գործընթացի։

Դատական կարգով խնդիրը լուծելը ֆինանսական և ժամանակային առումով բարդություն է ստեղծում և  կարող է հանգեցնել նաև դատական համակարգի ծանրաբեռնվածության։

Այս հանգամանքները հաշվի առնելով, պետությունը պետք է ձեռնամուխ լինի՝

  • ստեղծել պարզեցված և իրավական կարգավորմամբ հստակ մեխանիզմ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժի ճանաչման համար,
  • ապահովել տվյալների փոխանակում և ստուգման հստակ ընթացակարգ,
  • կիրառել օրենքով նախատեսված հանձնաժողովի ստեղծման մեխանիզմը, որպեսզի բռնի տեղահանված անձինք հնարավորություն ունենան պարզեցված ընթացակարգով հաստատեն իրենց աշխատանքային ստաժը»,-նշեց իրավաբանը։

Մարիաննա Ավագյանը համոզված է՝ այս միջոցառումները կապահովեն քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, կնվազեցնեն վարչական և դատական բարդությունները և կվերականգնեն արդարությունը նրանց նկատմամբ, որոնք տարիներ շարունակ աշխատել և վաստակել են իրենց սոցիալական ապահովությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել