ՍԴ Սահմանադրությանը հակասող ճանաչեց ՊՇՌ թեստերի վերաբերյալ նախարարի հրամանի դրույթը

Սահմանադրական դատարանը հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

Նշենք՝ ըստ նախարարի հրամանի, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Նախարարի հրամանով՝ ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին։ Սահմանադրական դատարանը «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի 1-ին, 2-րդ մասերին  եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ նկատի ունենալով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց  վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների  շրջանակից:

«ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է: Բարձր դատարանի ՈՐՈՇՈւՄ: Ժողովուրդ ջան կներեք, որ այսքան ամիս այս իշխանությունների հերթական հակասահմանադրական վարքագծից տուժեցիք…»,-նշեց ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ավելի վաղը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանում դեկտեմբերի 16-ին ավարտվեց փաստացի հարկադիր պատվաստման և ՊՇՌ հետազոտումների ծախսերը մարդկանց վրա թողնելու հրամանի քննությունը: Առաջիկա օրերին կհրապարակվի ՍԴ որոշումը:

Առաջին օրվանից ֆիքսել էինք` դեմ ենք հարկադրանքին, կողմ ենք պատվաստմանը: ՄԱՐԴԸ բարձրագույն արժեք է, պետությունը պետք է գիտակցի դա և ՊՇՌ հետազոտման ծախսերը փոխհատուցի: Պարտադրանքը երբեք ընդունելի չէ ու վերջ»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին մեկնարկել էր «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել