Այսօր ամենամեծ բանը, որը հասարակությանը հուզում է, դա պատերազմում Հայաստանի պարտությունն է, այլ ոչ թե Սահմանադրության փոփոխությունը. Արա Ղազարյան

Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 17-ին սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին որոշում է ստորագրել։

Իրավաբանnet-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավաբան Արա Ղազարյանի հետ։

-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։

-Իմ կարծիքով նախ պետք է որոշել, թե ինչն է անհրաժեշտ փոխել, հետո նոր այդ մասին հայտարարել։ Մեզ մոտ միշտ հակառակն է լինում, սկզբում հայտարարում են, որ անհրաժեշտէ փոխել, հետո նոր որոշում են, թե ինչը պետք է փոփոխեն։ Այդպես է եղել 2005  թվականին, 2012 և 2015 թվականներին, հիմա սա է։

-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։

-Նախ և առաջ դրա համար հասարակական պահանջ պետք է լինի, ասենք՝ պետական կառավարման համակարգում կամ մարդու իրավունքների համակարգում խնդրահարույց հարցեր պետք է լինեն։ Դրանք պետք է իսկապես օբյեկտիվորեն հանրային պահանջի հիման վրա լինեն։ Հետո նոր քաղաքական վերնախավը որոշում կայացնի սահմանադրականություն փոխել։ Հետո նոր իրավաբան-գիտնականներից սկսած, վերջացրած իրավապաշտպաններով, փաստաբաններով և այլն, որոշում են, թե ինչը փոխել, դա բնական չէ։ Բնականն այն է, երբ կա հանրային պահանջ և հետո նոր որոշում կայացվի, որ այդ խնդիրը պետք է լուծել Սահմանադրությունը փոփոխելով։
-Պարոն Ղազարյան, իսկ դուք հանրային պահանջ տեսնո՞ւմ եք։
-Ես հանրային պահանջ չեմ տեսնում նախ և առաջ նրա համար, որ ոչ մասնագիտական շրջանակներում ոչ էլ քաղաքացիական հասարակության շրջանակներում վերջին մի քանի տարվա ընթացքում Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության վերաբերյալ լայն քննարկումներ տեղի չեն ունեցել։ Քաղաքական ղեկավարությունն է կարծիք հայտնում, հետո որոշ շրջանակներ սկսում են այդ կարծիքը վերցնել կամ մերժել, բայց հանրային դիսկուրս որպես այդպիսին չկա, որովհետև դրա օբյեկտիվությունն ու անհրաժեշտությունն էլ չկա։ Այսօր ամենամեծ բանը, որը հասարակությանը հուզում է, դա պատերազմում Հայաստանի պարտությունն է, այլ ոչ թե Սահմանադրության փոփոխությունը։
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ  կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞։

-Կդժվարանամ ասել, որովհետև պառլամենտալիզմն իսկապես ցույց տվեց, որ Հայաստանում դա շատ դժվար է զարգանում, բայց արդյոք դրա անհրաժեշտությունը կա, թե ոչ, ես դժվարանում եմ ասել: Մյուս կողմից միշտ էլ ասել եմ, որ պառլամենտալիզմը ժողովրդավարության առավել զարգացած դրսևորման կառավարման եղանակ է։ Պառլամենտալիզմը պետք է փորձել պահպանել, ոչ թե կառավարման համակարգը փոխել և դառնալ նախագահական կամ կիսանախագահական։ Ի վերջո, դա վտանգ է պարունակում կառավարման վերարտադրման համար։ Վտանգները պետք է հաշվի առնել։

-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված  սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։

-Դրա համար մեծ անհրաժեշտություն չկա։ Եթե ուզում են Սահմանադրական դատարանն ու վճռաբեկ դատարանը միացնել, ի՞նչ խնդիր են ուզում լուծել դրանով։ Խառնաշփոթ է տեղի ունենալու։ Այս դատարանները վերջին 10 տարվա մեջ բավականին արդյունավետ են աշխատել։ Մի ամբողջ Սահմանադրություն փոխել՝ 2 բարձրագույն ատյանները միավորելու համար, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը չկա․․․ Դա պոպուլիստական քայլ է, ես՝ որպես իրավաբան, չեմ գտնում, որ դրա անհրաժեշտությունը կա, որ երկու դատարանները միավորվեն՝ հաղթահարելու համար մի ճգնաժամ, որը գոյություն չունի։

-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:

-Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի էլ սկսել աշխատել։ Ես չեմ կարծում, որ սկսի աշխատել անարդյունավետ է աշխատելու և դրա համար պետք է Սահմանադրությունը փոխել։ Ապօրինի գույքի բռնագանձման այդ օրենքը, եթե ճիշտ է, որ արդեն ուսումնասիրել է 250 գործ, այդ 250 գործը պետք է սպասարկել դեռ դատարաններում։ Դրա համար Սահմանադրություն փոխելու կարիք չկա։

-Վարչապետը դեկտեմբերի 17-ին սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը սկսելու մասին որոշում է ստորագրել։ Գործընթացը կարծես թե մեկնարկում է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ընթացք այն պետք է ունենա։

-Չգիտեմ, դա այդքան ինձ չի հետաքրքրում, թե ինչ ընթացք կունենա, մարդիկ կառաջադրվեն, կաշխատեն։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել