Տևական ժամանակ է, ինչ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսում են սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։ Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։
Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ ոլորտի մասնագետների դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։
-ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելու մասին։ Որքանո՞վ է հիմնավորվում դրա անհրաժեշտությունը հիմա։
-Արդեն իսկ գործնականում փորձ ունենք։ Նախորդ տարի մենք ականատես եղանք, որ գումարվել էր հանձնաժողով համապատասխան իրավական հիմքերով, սակայն այդ հանձնաժողովի գործունեությունն անփառունակ ավարտ ունեցավ։ Այն հիմքով, որ մի մաս կազմող իրավաբան-գիտնականները հրաժարվեցին շարունակել իրենց աշխատանքը ստեղծված մթնոլորտում։
Երբ տեղի են ունեցել հակասահմանադրական գործողություններ, ակնհայտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, մի շարք հիմնարար սկզբունքներ վտանգված են, այս պայմաններում, ես գտնում եմ, Սահմանադրական բարեփոխումների մասին մտածելն անգամ ավելորդություն է, որովհետև դա ձևականություն է, երկրորդական բնույթ է կրում, ինչ-որ մարդկանց զբաղեցնելու և անիմաստ ժամանակի կորստի համար է։
Մեր երկրում Սահմանադրական բարեփոխումներ տեղի են ունեցել առնվազն 10 տարվա միջակայքերում։ 2020 թվականին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունը ես հակաիրավական եմ համարում։ Կարելի է մեկնաբանել, որ դա քաղաքական նպատակահարմարության հարց է, ելնելով օրվա իշխանության պատկերացումներից։ Իմ գնահատմամբ՝ մենք պրոֆեսիոնալիզմի պակաս ունենք։
-Նոր Սահմանադրության ընդունումից առաջ ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնվեն և ինչպիսի՞ն պետք է լինի սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը։
-Պետք է բացառապես պրոֆեսիոնալ գիտականներից և հետագիծ ունեցող մասնագետներից համալրված կազմ ունենալ՝ այդ փոփոխություններն իրականացնելու համար։ Բացի այդ, պետք է կոնկրետ նպատակ ունենալ, ունենալ իրավիճակ, որը կթելադրի և կպահանջի նման փոփոխություններ իրականացնել։
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ նշել է, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը։ Երկրի կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն կա՞։
-Մի գուցե որոշակիորեն կիսում եմ իր կարծիքը։ Ամեն դեպքում, նման անկայուն իրավիճակում այս հարցերը օրակարգային դարձնելն ուղղակի հերթական հարվածն է մեր պետության ակունքներին։
-Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (որի գործունեությունը կասեցվել է 2020 թվականի արցախյան պատերազմից հետո) 2020 թվականի օգոստոսի 22-ին ընդունել է սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացման և բարձրագույն դատական ատյանները միավորելու, մասնավորապես Գերագույն դատարան ստեղծելու վերաբերյալ նախնական հայեցակարգը։ Որքանո՞վ է արդարացված սահմանադրական վերահսկողության ապակենտրոնացումն ու Գերագույն դատարանի ստեղծումը։
-Ես դեմ եմ դրան, որովհետև այս պրոցեսն իրականացվում է Սահմանադրական դատարանի դեմ անփառունակ և մեկ տարի շարունակվող աշխատանքների համատեքստում։ Եվ դա Բ պլան է, եթե չհաջողվեր ՍԴ-ում անցանկալի դատավորներին հեռացնել։ Ամեն դեպքում, ես գտնում եմ՝ հսկայական խնդիրներ կառաջանան Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի համատեքստում։
-Հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները պնդում են, որ հակակոռուպցիոն մարմիններին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հակակոռուպցիոն կոմիտեին, սահմանադրաիրավական կարգավիճակ և անկախության երեշխիքներ տալը կբարձրացնի այդ ինստիտուտների անկախությունն ու արդյունավետությունը։ Ի՞նչ եք կարծում այս մասով:
-Այստեղ ևս կարծիքը չեմ կիսում։ Սա նախկինում էլ, առկա իրավական համակարգի կառուցվածքում էլ հնարավոր էր արդյունավետորեն իրականացնել։ Եթե առկա էր կոռուպցիա, առկա էր տեղեկատվություն և հիմք ու հանցակազմ կար գործ հարուցելու համար, ապա հնարավոր էր դա կազմակերպել, առանց ավելորդ այս գործընթացների և վարչարարության։ Արդյունավետության տեսանկյունից սա այդքան էլ նպատակահարմար չէր, քանի որ այդ գործառույթները նախկինում էլ հնարավոր էր իրականացնել։
Հասմիկ Սարգսյան