«Ադրբեջանին հաջողվեց համոզել Հայաստանին ճանապարհ բացելու անխուսափելիության մեջ (Հայաստանով Նախիջևան): Ավելի վաղ Հայաստանը դեմ էր մայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են։ Այսպիսով, կա հետևողականություն: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, որն Ադրբեջանով անցնում է Հայաստան, իսկ հետո՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ասել է Ալիևը իսպանական El Pais-ին տված հարցազրույցում։
Ալիևը պնդում է, թե Հայաստանն ընդունում է այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա։
«Կարծում եմ՝ երկու երկրներն էլ համաձայն են, որ դա պետք է տեղի ունենա, և, ի դեպ, նախագահ Պուտինի նախաձեռնությամբ անցյալ ամիս Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ մենք հռչակագիր ընդունեցինք, որտեղ բացահայտ խոսվում էր հաղորդակցությունների բացման մասին։ Եվ այդպես էլ կլինի։ Ի դեպ, օդային տարածքն արդեն ակտիվացել է։ Այժմ Ադրբեջանի ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Նախիջևան, սկսել է անցնել Հայաստանի օդային տարածքով»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Բաքուն ցանկանում է բացել սահմանները Երևանի հետ։
«Այո, մենք ցանկանում ենք բացել սահմանները։ Մինչ օրս մի քանի բանակցություններ են անցկացվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ։ Այս աշխատանքային խմբի հիմնական նպատակն ու խնդիրը հաղորդակցությունների բացումն է։ Բանակցությունների մի քանի փուլեր համեմատաբար հաջող են անցել։ Այժմ ամբողջական համաձայնություն կա Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման վերաբերյալ, և մենք սկսել ենք ազատագրված շրջաններում (Արցախի օկուպացված հատվածում-խմբ․) քանդված երկաթգծի կառուցումը դեպի Հայաստանի հետ սահման»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։