Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում է եղել Արման Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ վերջինս հանդիսանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդականը։
Կառավարության որոշման մեջ հղում է տրվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասին և կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմանը։
Օրենքում նշվում է, որ քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ կառավարության որոշման մեջ բացառիկ է համարվել Արման Անդրիկյանի գիտական աստիճան ունենալը․ «․․․3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները»:
Հատկանշական է, որ Անդրիկյանին 2021 թվականի սեպտեմբերի 9-ին է շնորհվել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշման հիմնավորման մեջ նշել է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը հնարավորություն կընձեռի Անդրիկյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
Նշենք նաև, որ հիմնավորման, որոշման նախագծի կամ այլ փաստաթղթում չի նշվել, որ Անդրիկյանը այս պահին զբաղեցնում է նախարարի խորհրդականի պաշտոնը։