«Ինձ համար ակնհայտ է՝ ինչու է Արդարադատության նախարարությունը Սորոսի հիմնադրամի և արբանյակ ՀԿ-ներ հետ աշխատում ՝չեն ուզում դրական արդյունք լինի մեր պետության, մեր ժողովրդի համար»․ Գևորգ Մանուկյան

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։

Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։

Այս քննարկմանը «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը հրավեր չէր ստացել։

Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 5-ին կազմակերպել էր նաև Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ։

Նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ  Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի (հանձնաժողովի) ձևավորման ուղղություններն է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քննարկել պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակը գերազանցող ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։

«Մենք առաջարկում ենք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որտեղ լինելու են 3 խորհրդարանական ուժերի, 3 արտախորհրդարանական ուժերի, 3 հասարակական կազմակերպությունների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներ` արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, Մարդու իրավունքների պաշտպան: Խորհուրդն ընտրելու է 5 գիտնական մասնագետների` չեզոք, առանց քաղաքական ուղղվածության իրավաբանների, որոնք կանեն մասնագիտական կարևորագույն աշխատանքը՝ հայեցակարգի, այնուհետև՝ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակում»,-ասել է Կարեն Անդրեասյանը։

Իրավաբան․net-ի հետ զրույցում «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանն ասաց, որ նա այդ քննարկամը մասնակցելու հրավեր ստացել է, սակայն չի կարողացել մասնակցել։

«Հարցը այն է, թե ինչ են ուզում անեն մեր Սահմանադրության հետ, ոչ մի նորմալ փոփոխություն չի արվել։ Մեր գործող Սահմանադրությունը իր բոլոր փոփոխություններով պետք է դեն նետվի ու նոր Սահմանադրություն մշակվի։ Ես դրա հիմնավորումը առանձին նամակով ուղարկել եմ նախարարին վերջերս»,-ասաց նա

Խոսելով Արդարադատության նախարարության գործելաոճի մասին, նա նշեց, որ համագործակցություն չկա ընդհանրապես։ Ըստ նրա՝ դատական բարեփոխում առանց նոր Սահմանադրության՝ ուղղակի անիմաստ է։

«Մենք տեսնում ենք, թե դատական իշխանությունն ինչ վիճակում է։ Պետք է սահմանադրորեն դատական իշխանությանը լիարժեք անկախություն տալ»,-նշեց «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահը։

Գևորգ Մանուկյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ քննարկումն անցկացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։

«Ժողովուրդը այդ կազմակերպությանն այլ անվանում էլ է տալիս՝ Սորոսի հիմնադրամ։ Հայտնի է, որ արբանյակ ՀԿ-ներ ունի։ Ինձ համար ակնհայտ է ինչու են այդ ՀԿ-ների հետ աշխատում։ Իրենք իրականում չեն ուզում դրական արդյունք լինի մեր պետության, մեր ժողովրդի համար։ Այդ նույն ՀԿ-ները վերջին ըտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն էին իրականացնում։ Առանց ամաչելու հավանություն տվեցին, որ ոչ մի խախտում չի եղել։ Ակնհայտ զինվորները մտնում էին պատրաստի ծրարը վերցնում էին։ Իրենք ավելի խայտառակ արեցին իրենց՝ հայտարարելով, որ խախտում չի եղել»,-ասաց նա։

Ըստ Գևորգ Մանուկյանի՝ նախկինում գոնե փորձ արվել է աշխատելու Արդարադատության նախարարության հետ։

«30 տարվա ընթացքում միլիոններ են վատնվել, իբրև թե դատաիրավական բարեփոխումների համար, բայց ինչ բարեփոխումներ, մենք չենք տեսնո՞ւմ ինչ է արվում, դատարանները, դատախազական, ոստիկանական համակարգը ամենակոռումպացվածներն են»,-ասաց «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մանուկյանը։

Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել