Մենք պայքարելու ենք, թույլ չենք տալու, որ մեր նկատմամբ իշխանությունների այդ սանձարձակ վերաբերմունքը շարունակվի․ Վարազդատ Հարությունյան

Պարոն Ջհանգիրյանի հայտարարությունը առարկայական չէ՝ չկա նախագիծ, հայեցակարգ, բացառապես քաղաքական բնույթ ունեցող հայտարարություն է։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրեր առաջ ունեցած ելույթին, որտեղ վերջինս տեսակետ էր հայտնել փաստաբանների վեթինգի մասին՝ ասելով․ «Կարող եմ ասել՝ այդ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբանական ծառայությանը, որովհետև, ցավոք սրտի, մեզ մոտ այսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց այստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն՝ այս վեթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»։

Վարազդատ Հարությունյանը նշեց, որ բազմիցս է արտահայտվել այն մասին, որ դատարանների նկատմամբ ճնշումներից, ու դատարանները իշխանությունների ազդեցության տակ բերելուց հետո հաջորդը լինելու են փաստաբանությունն ու ԶԼՄ-ները։

«Մենք տեսնում ենք, որ այդ կանխագուշակումներն իրականություն են դառնում։ Ե՛վ ԶԼՄ-ների մասով արդեն կան որոշակի օրենսդրական նախագծեր, որոնք էականորեն սահմանափակում են ԶԼՄ-ների գործունեության ազատությունը, և՛ հիմա փորձում են նաև կամաց-կամաց անցնել փաստաբանությանը»,- ասաց նա։

Փաստաբանը հիշեց, որ լուրեր էին պտտվում, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններից հետո իշխանություններն արշավ են սկսելու Փաստաբանների պալատի դեմ՝ կախված ընտրությունների արդյունքներից։

«Այս հայտարարությունն այդ արշավի առաջին քայլն է։ Ի՞նչ է նշանակում փաստաբանների վեթինգ․ դա պարզապես ողջամիտ իրականության մեջ անկանխատեսելի, աննախադեպ երևույթ է»,- նշեց նա։

Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ հստակ կանոնակարգված է փաստաբանության գործունեությունը․ կա «Փաստաբանության մասին» օրենք, կա Փաստաբանների պալատ, որի խորհուրդն ընդունել է էթիկայի կանոնագիրք, և Փաստաբանների պալատի խորհուրդը բազմաթիվ կարգապահական խախտումների դեպքերով վարույթներ է իրականացնում՝ պատասխանատվության ենթարկելով էթիկայի կանոնագիրքը խախտած փաստաբաններին։

«Այս գործընթացների մեջ որևէ վեթինգի կարիք չկա, մանավանդ, որ պարզ չէ, թե ինչ է վեթինգ ասվածը։ Մարդը հայտարարություն է անում՝ առանց փակագծերը բացելու, իշխանությունների մոտ սովորություն է անպատասխանատու հայտարարություններ անեն, թողնեն բազմաթիվ հարցականներ այս կամ այն գործունեության ոլորտի նկատմամբ՝ դրանով իսկ վնասելով այդ ոլորտի գործունեությունը»,- ասաց նա։

Վերջինիս կարծքիով՝ Ջհանգիրյանի հայտարարությունից հետո սկսելու են փաստաբանության մասին խոսել, հասարակությանը տրամադրել փաստաբանների դեմ․ «Հետո ասելու են՝ այս փաստաբաններն են նախկին թալանչիներին պաշտպանողը, դրա համար պետք է այս անել կամ այն անել։ 3 տարի է՝ մենք դրան ենք ականատես դառնում, ու կանխատեսումները, որ հերթը հասնելու է փաստաբանությանը, իրականություն դարձան։ Բայց մի բան հաշվի չեն առել իշխանությունները, որ փաստաբանության հետ հնարավոր չէ վարվել այնպես, ինչպես օրինակ վարվել են մնացած պետական կառույցների կամ դատարանների ու այլ ոլորտների մասնագետների հետ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ փաստաբանները հիմնականում սկզբունքային, իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող, սեփական առաքելությունն ու սեփական գործունեությունը բարձր գնահատող, սեփական վարքն ու հասարակության մեջ սեփական անձի մասնագիտական  դերակատարությունը լավ հասկացող անհատներ են։

Նա ենթադրում է, որ վեթինգ ասվածի համատեքստում փորձ է արվելու Փաստաբանների պալատի մենաշնորհային կարգավիճակը վերացնել, որ տարբեր միություններ լինեն։

«Դա որպես առաջին քայլ է լինելու, որ բաժանեն փաստաբաններին տարբեր ճամբարների՝ բաժանիր, որ տիրես սկզբունքի համաձայն։ Ես դեմ եմ տարբեր միությունների գաղափարին, և եթե մանավանդ հիմա են փորձում այդ գաղափարն առաջ տանել, պարզ է, որ դրա նպատակը բացառապես այն է, որ հետագայում նաև այլ գործիքներով ճնշեն փաստաբաններին։ Մենք պայքարելու ենք, թույլ չենք տալու, որ մեր նկատմամբ իշխանությունների այդ սանձարձակ վերաբերմունքը շարունակվի»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ պարզապես ծիծաղելի է փաստաբանների վեթինգ ասվածը, և փաստաբանությունն այսօր Հայաստանում գործող ամենակենդանի, կենսունակ օրգանիզմներից է, հենց փաստաբանությունն է, որ պայքարում է բոլոր անօրինությունների դեմ, ամենօրյա իրավապաշտպան գործունեություն է ծավալում, բացահայտում է հանրային իշխանության մարմինների ստերը, կեղծիքները, անօրինությունները։

«Իհարկե, իշխանությունները պետք է փորձեն դրա դեմն առնել, իսկ մենք էլ թույլ չենք տալու, որ վեթինգ ասվածը, ինչ ձևով էլ որ լինի, կյանքի կոչվի»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով այն հարցին, որ Գագիկ Ջհանգիրյանն իր միտքը հիմնավորել է՝ ասելով, թե այսօր շատ փաստաբաններ ճանաչում են ձեռք բերում, քանի որ շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով, փաստաբանն ասաց․

«Ի՞նչ է նշանակում հեշտ «կոմունիկացվել իրավապահ մարմինների կամ դատարանների հետ», ես դա չեմ հասկանում։ Եթե կոռուպցիայի մասին է խոսքը, Քրեական օրենսգիրք կա՝ համապատասխան հանցակազմերով, կա նաև Քրեադատավարական ընթացակարգ, որի օգնությամբ այդ հանցակազմերի առկայության դեպքում մարդիկ պատասխանատվության են ենթարկվում։ Այստեղ ի՞նչ վեթինգի մասին է խոսքը։ Կամ ի՞նչ է նշանակում ճանաչում ունեցող փաստաբան․ ով շատ լայք ունի, նա՞ է։ Այդ լայքերո՞վ են կողմնորոշվելու՝ ում են վեթինգ անելու։ Օբյեկտիվ իրականության մեջ չեմ պատկերացնում փաստաբանների վեթինգ ասվածը, ու նաև այդ հիմնավորումը, որ պարոն Ջհանգիրյանը բերել է, ինձ համար տարակուսելի է։ Ինքն էլ քրեական իրավունքի մասնագետ է, գիտի, որ այդ հանցակազմերը կան, ի՞նչ վեթինգի մասին է խոսքը»։

Վարազդատ Հարությունյանի համոզմամբ՝ փաստաբանությունն օր օրի զարգանում է Հայաստանում՝ որպես ինքնակարգավորվող մարմին։ Եվ դեմոկրատական հասարակություններում այսպիսի ինքնակարգավորվող միությունները, մարմինները ամենամեծ հարստությունն են կայուն քաղաքացիական հասարակության։

«Հիմա մենք շատ լավ օրգանիզմ ունենք՝ ի դեմս փաստաբանության, այդ օրգանիզմն էլ են ուզում ախտահարել։ Ախտահարում են պետական ներգործությամբ։ Եթե դու ունես կայացած ինքնակարգավորվող օրգանիզմ, դու պետք է մինիմալի հասցնես պետական ներգործությունը, որովհետև երբ դու ավելացնում ես պետական ներգործությունը, ինքնակարգավորման բաղադրիչը սկսում է թուլանալ։ Եվ սա ի վերջո հանգեցնելու է նրան, որ փաստաբանությունը դարձնելու են ԽՍՀՄ տարիների փաստաբանության նման՝ պետական փաստաբանություն։ Սա մեր նորանկախ պետության ամենաակնառու ձեռաբերումներից մեկն է, ո՞նց կարելի է պղծել այս ամեն ինչը, քաղաքական օրվա նպատակահարմարություններից ելնելով՝ նման արտահայտություններ անել, հասարակությանը տրամադրել փաստաբանների դեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ փաստաբանությանը պետք է թողնել իր ինքնակարգավորվող վիճակով, որովհետև փաստաբանության մեջ էլ կան հակադիր կարծիքներ, բանավեճեր, և այս ամեն ինչը թողնում է, որ Փաստաբանների պալատում փաստաբաններն իրենք իրենց հավասարակշռեն և հակակշռեն։

Լուսինե Հակոբյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել