Եթե 12 նախարարություններից 3-ն են վերջին երեք տարում մեկական, կամ 2 նիստ արել նախարարին կից հասարակական խորհուրդների շրջանակում, իսկ մնացած նախարարությունները, ոչինչ չեն արել՝ ավելին, կայքերի վերափոխվելուց հետո տեղեկատվությունը մի քանիսում է միայն մնացել, էլ ինչպե՞ս կարելի է բավարար գնահատել կառավարության ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությունը։
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, «Արազա» բարեգործական ՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը։
«Մենք երեք նախարարություններում հասարակական խորհրդի անդամ ենք, այդ թվում Արդարադատության նախարարությունում, որը պարբերաբար իբրև թե քաղհասարակությանն էլ է հրավիրում իր նիստերին, քննարկումներին, բայց խորհրդի որևէ անդամի չեն հրավիրել։ Հրավիրում են նոր կազմակերպությունների՝ ավելին, իրենց կայքում տեղադրված են այն կազմակերպությունների անուններն ու կոնտակտները, ում հետ իրենք այս ընթացքում աշխատել են։ Թե ի՞նչ հիմունքով են այդ կազմակերպություններն այնտեղ հայտնվել ու ինչ կարգավիճակով՝ որևէ ձևով չի երևում։
Վերջինը դատական բարեփոխումների վերաբերյալ էր քննարկում կազմակերպվել, բայց մեր կազմակերպությանը, որպես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամի, չէին հրավիրել մասնակցել դրան»,-ասաց հասարակական կազմակերպության նախագահը։
Նա նաև նշեց, որ արդեն տեսել է նաև նախարարության կողմից հրապարակված ամփոփումը՝ այդ քննարկման վերաբերյալ և այն առաջարկաները, որոնք հրապարակվել էին դեռևս նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ամբողջապես և համակարգային կերպով չեն ներառվել դրանում։ «Խոսվում է այն մասին, որ դատական բարեփոխումների շրջանակում դատավորների վեթինգն այս պահին փուլային պետք է արվի, քանի որ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն գործող դատավորներին իրենց մասնագիտական գնահատում չեն կարող անել, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի։
Իրենք այդ փուլերը նախատեսել են, բայց հասկանալի չէ, դրա կատարման մեխանիզմը չի երևում, թե ինչ եղանակներով պետք է կատարվեն այդ փուլերը։ Օրինակ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս քննարկում էր հարցը ու նշվեց, որ շատ օրենքներում՝ սկսած Սահմանադրությունից, փոփոխությունների անհրաժեշտություն կա, որպեսզի բարեվարքության ստուգման հանձնաժողով ձևավորվի ու սկսի աշխատել։ Բայց եթե այդ փոփոխություններն արված չեն ու գործող փոփոխությունները խանգարում են, որ իրենք իրենց որոշումն իրականացնեն՝ այդ դեպքում այն, ինչ-որ գրել են՝ կմնա թղթի վրա ու արդյունքի չի բերի։ Չկա ճանապարհային քարտեզ, լուծված չեն նաև սկզբունքային որոշակի հարցեր, օրինակ՝ այդ հանձնաժողովում ընդդիմություն լինելու է, թե՝ ոչ, լինելու դեպքում դա միայն Ազգային ժողովի ընդդիմությունն է լինելու, թե նաև արտախորհրդարանական ուժեր են լինելու, ՔՀԿ-ների հատվածից մասնակցություն լինելու է, թե չի լինելու, կամ եթե չի լինելու՝ ինչու՞։
Շատ անհասկանալի հարցեր կան մնացած, որ եթե դրանք չլինեն, ապա սա կոսմետիկ բան է լինելու զուտ, որն արդյունքի չի բերելու։ Կամ էլ, իրենք հստակ արդյունք պատկերացնում են ու տանելու են այն ձևաչափով, որ իրենք իրենց ուզածին հասնեն»,-ասաց Թամարա Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ սա տխուր իրողություն է և դա միայն իր սուբյեկտիվ կարծիքը չէ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կազմակերպած քննարկման ժամանակ էլ 30-ից ավելի տարբեր հասարակական կազմակերպությունների կարծիքը նույնն էր։
«Դատական համակարգը կառավարման առանձին, անկախ ինստիտուտ է։ Եթե Արդարադատության նախարարությունն է դատավորների բարեվարքության ստուգման գործընթացը կառավարելու՝ նշանակում է, որ կառավարությունը անթույլատրելի ազդեցություն և ճնշում գործադրելու լծակներ է ունենալու դատական իշխանության վրա։ Դա արդեն իսկ սխալ է, սկզբունքորեն անթույլատրելի է, չէ որ իշխանությունը կազմված է երեք թևից՝ Ազգային ժողով, կառավարություն, դատական համակարգ ու դրանք երեքն էլ պետք է իրարից անկախ լինեն։ Եթե Արդարադատության նախարարությունը բարեվարքության ստուգման հանձնաժողով է ձևավորելու, ինքն է ընթացքը կառավարելու՝ նշանակում է, որ կառավարությունն ակնհայտ ներգործելու, ազդեցություն է ունենալու դատական համակարգի վրա։ Դատական համակարգի անկախությունը խաթարված է»,-ասաց ՀԿ նախագահը։