Ադրբեջանի ծանուցումը ստանալուց հետո քաղաքացիներին ուղղորդում ենք երթևեկությունն իրականացնել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհով․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 11-ի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում է․

«Ինչպես գիտեք, ս․թ օգոստոսից Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամաբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, այսինքն մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։

Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։

Այս ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։ Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել։ Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների, առավել հարմար անցումն ապահովելու համար։ Պիտի ասեմ, որ Կապան մեկնելիս ու վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետության, որոնք ազատ երթևեկում էին։ Երեկ մինչև կեսգիշեր և դրանից հետո, այսինքն մինչև լուսաբաց, Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։

Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվնի ասֆալտապատ ճանապարհով, առանց լրացուցիչ մաքսատուրքի։

Ընդգծեմ նաև, որ նոր երթուղով Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ երթևեկության ժամկետը չի ավելանում, ընդհակառակը՝ մի քիչ էլ կրճատվում է, հաշվի առնելով ճանապարհի որակը։ Սրան գումարենք նաև այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի է ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինարարական աշխատանքներ և ճանապարհի որակն էականորեն փոխվում է։ Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալում աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Շուռնուխի և Որոտանի հատվածում, մի քանի այլ հատվածներում ևս, որոնց մասին հետագայում նաև լրացուցիչ կհայտարարենք։

Երթևեկության փոփոխության տրամաբանության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհի որակի բարձրացումն անհրաժեշտություն է և այդ հարցը հնարավորինց արագ կլուծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել