Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլ չեն տա մուտք գործել երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Schengen Visa Infօ-ն:
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իտալիան մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, հեռացրել է D ցուցակի երկրների շարքից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է որոշակի պայմաններից ելնելով այցելել Իտալիա:
Իտալիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված թարմ ցուցակի համաձայն՝ Հայաստանից բացի, D ցուցակի երկրների շարքից հեռացվել են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն: Բոլոր այս երկրներն այժմ ներառվել են E ցուցակում, ինչը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին կթույլատրվի Իտալիա մուտք գործել միայն խիստ կարևոր նպատակներով` համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ։