Աշխարհի առողջապահության ոլորտի մասնագետները ստորագրել են միջնորդություն ՝ ուղղված երկրների ղեկավարներին ՝ մասնակցելու Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայանալիք Կլիմայի փոփոխության համաժողովին (COP26): Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդում է Phys.org կայքը:
Իրենց ուղերձում գիտնականները Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը համարել են մարդու առողջության համար ամենալուրջ մարտահրավերը: Նրանց կարծիքով՝ կլիմայի ճգնաժամի բացասական ազդեցությունը շատ ավելի վատ կլինի, քան կորոնավիրուսային համաճարակի հետևանքները: Ամբողջ աշխարհի հիվանդանոցներում և համայնքներում բժիշկներն արդեն կանգնած են այդ փոփոխությունների առջև, ասել են նրանք:
Հանքային վառելիքի այրման արդյունքում օդի աղտոտվածությունը հանգեցնում է ամեն տարի ավելի քան յոթ միլիոն մարդու վաղաժամ մահվան: Երկրի վրա բնական պայմանների վատթարացումը առաջացնում է հիվանդացության աճ՝ անորակ սննդի, ջրի և օդի պատճառով:
Եղանակային ծայրահեղ աղետները՝ փոթորիկները, ջրհեղեղները և ջերմային ալիքները, ոչնչացնում են միլիոնավոր մարդկանց կյանքեր, նշում են միջնորդության հեղինակները: Միայն այս տարի Չինաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, Վիետնամում, Կանադայում, Գերմանիայում, Բելգիայում և շատ այլ երկրներում տեղի ունեցան խոշոր կատակլիզմներ, որոնք վնասեցին բնակչությանը, ասվում է հոդվածում:
Բժիշկների կարծիքով՝ մարդու առողջությունը պետք է դառնա COP26 գագաթնաժողովի կենտրոնական թեման, որտեղ նրանք կքննարկեն կլիմայի փոփոխության հետևանքների մեղմումը: Նրանք պարզաբանել են, որ Երկրի վրա ջերմաստիճանը այս դարում կբարձրանա 2,7-3,1 աստիճանով: Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագիրը սահմանել է 1,5 աստիճանի նորմ, դրա հաղթահարումը մեծ վնաս կհասցնի մարդկանց կյանքին, ասվում է կոչում:
Բժիշկներն առաջարկել են մի շարք միջոցառումներ, որոնք կօգնեն խուսափել առողջական աղետներից.
1 Մենք պետք է արագ անցում կատարենք հանածո վառելիքից և միջոցներ տրամադրենք մաքուր էներգիա զարգացնելու համար:
2 Զարգացած երկրները պետք է նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները Փարիզի համաձայնագրին համապատասխան և օգնեն աղքատ երկրներին կատարել այդ պարտավորությունները:
3 Կառավարությունները պետք է կառուցեն «կլիմայակայուն, ցածր ածխածնային առողջապահական համակարգ»:
4 Հասարակական առողջության բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է լինեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրի մաս:
Փարիզի կլիմայի համաձայնագիրը պայմանագիր է, որը ստորագրվել է ավելի քան 190 երկրների կողմից 2015 թվականի դեկտեմբերին: Այն սահմանում է գլոբալ տաքացման զսպման գործողությունների ծրագիր:
Համաձայնագիրը չի ենթադրում հանածո վառելիքի ամբողջական փուլային հեռացում: Այնուամենայնիվ, բոլոր կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն արտանետումները նվազեցնելու, վերազինելու, կլիմայի փոփոխություններին հարմարվելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու համար: