Բաթումիում դեռևս փլատակների տակ է 10-15 մարդ. Վրաստանի ՆԳ նախարար

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge լրատվական կայքից։

«Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկություններով՝ մոտ 10-15 հոգի փլատակների տակ են: Նրանցից երկուսը խոսում են մեզ հետ հեռախոսով, բայց նրանք չեն կարող մեզ բացատրել, թե որտեղ են»,-ասել է Գոմելաուրին:

Գոմելաուրին ասել է, որ որոնողական աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր փրկարարներ, բացի այդ, մոբիլիզացված են հատուկ սարքավորումներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ և տեղի քաղաքապետարանի և քաղաքային ծառայության ներկայացուցիչներ:

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փլուզումը, հավանաբար, կապված է շենքի առաջին հարկում կատարվող վերանորոգման աշխատանքների հետ, ինչի պատճառով էլ հնարավոր է՝ հենապատը վնասված լինի:

Նախարարը նաև նշել է, որ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի կամ այլ ծանր հետևանքների:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ, Բաթումիում՝ Մեմեդ Աբաշիձեի և Մայիսի 26 փողոցների խաչմերուկում, փլուզվել է  բազմահարկ շենքի մի մուտքը: Ժամը 17:15-ի դրությամբ փլատակներից դեռևս դուրսբերվածներ չեն եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել