Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու ավտոբուսները շարունակում են օգտագործել Իրանի տարածքը։ Այս մասին ասել է Ադրբեջանի ճանապարհային տրանսպորտի պետական ծառայության մամուլի քարտուղար Նուրիդա Ալլահյարովան:
Նրա խոսքով, այս երթուղին անփոփոխ է մնացել, և դրանով երթևեկող ավտոբուսները շարունակում են օգտագործել Իրանի տարածքը:
«Ամեն օր այս երթուղով երկու ավտոբուս է մեկնում Բաքվից Նախիջևան: Բիլասուվարի մաքսային անցակետում ուղեւորները հանձնում են ՊՇՌ թեստ: Այն անվճար է Ադրբեջանի քաղաքացիների համար», – ասել է Ալլահյարովան:
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը՝ Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի ՝ չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
«Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանական ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի տարածքի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու»,-ասվում է հայտարարության մեջ: