Բաքուն չի կատարել եռակողմ հայտարարության կետերը․ Արարատ Միրզոյանը Մոսկվայում է

Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ նշել է, որ Բաքուն չի կատարել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերը:

«Ադրբեջանը սադրիչ քայլեր է կատարում, որոնք ուղիղ ոտնձգություն են Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվել են այս տարվա մայիսի 12-ից։ Այս գործողությունները ուղեկցվում են հայաֆոբ, ագրեսիվ հայտարարություններով»,-նշել է նա։

Միրզոյանը ընդգծել է Մոսկվայի հետ համագործակցությունը խորացնելու Երևանի պատրաստակամությունը:

«Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով  լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Գործում է տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետերի մակարդակով»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգը շատ հագեցած է՝ տնտեսություն, ներդրումներ, անվտանգության ոլորտ, ինչպես նաև հումանիտար, կրթության, գիտության ոլորտներ: «Մենք ցանկանում ենք, որ այդ համագործակցությունը շարունակի զարգանալ՝ ի շահ մեր քաղաքացիների և մեր փոխգործակցության»,- նշել է Լավրովը:

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարար նշանակվելու առիթով և շնորհակալություն է հայտնել առաջին այցը Մոսկվա կատարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել