ԱԱԾ-ն` ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհի մասին

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.

«Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ հայտնվել են մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում:

Հիշեցում. Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս մեջքի ետևում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների վերասկողությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել