Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 20-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022–2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ այս հրամանով սահմանված է նաև աշակերտների համար օտար լեզվի ընտրության կարգը։ Այսպիսով․
1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից առաջինը ռուսերենն է, երկրորդը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ Նախարարության կողմից երաշխավորված ծրագիր ունեցող այլ լեզու:
2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին՝ 5-9-րդ դասարաններում (շաբաթական 1.5 կամ 2 ժամ) և 10-12-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ)՝ Նախարարության կողմից հաստատված չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:
3) Նախարարության կողմից՝ Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:
Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում դասարանները ձևավորվում են Մասնագիտացված դպրոցի կանոնադրության համաձայն:
Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:
Օտար լեզվի ընտրության կարգը՝ ավագ դպրոցում․
1) Ավագ դպրոցում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ինչպես նաև որևէ այլ լեզու):
2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու կարելի է դասավանդել Նախարարության կողմից հաստատված համապատասխան առարկայական չափորոշիչներով և ծրագրերով (շաբաթական 2 ժամ), ուսումնական գրականության և ուսուցման համար անհրաժեշտ այլ պայմանների առկայության դեպքում:
3) Ավագ դպրոցը դասավանդվող օտար լեզուն կարող է փոխարինել այլ օտար լեզվով` Նախարարության որոշմամբ։ Նախարարությունը քննարկում է Ավագ դպրոցի մանկավարժական խորհրդի առաջարկությունը օտար լեզվի փոխարինման վերաբերյալ և կայացնում համապատասխան որոշում։
4) Նոր հիմնադրված Ավագ դպրոցում դասավանդվող երկրորդ օտար լեզուն հաստատության մանկավարժական խորհրդի առաջարկությամբ որոշում է Նախարարությունը: