Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։