«Բանակ ճանապարհելուց ասաց՝ հանկարծ չփորձվես լացես, ամեն ինչ շատ լավ է լինելու, և գնաց»,-պատմում է Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրը` Գայանե Արզումանյանը:
Հակոբը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 16-ին: Ծառայել է Ստեփանակերտում:
«Նպատակներ շատ ուներ, այդ ընթացքում միշտ զանգում էր ու պլաններ էր գծում, որ գա ինչ պետք է անի ու ինչերի հասնի: Ասում էր՝ մամ, շատ եմ մտածում այդ մասին, քանի ազատ եմ պլաններս գծեմ, որ գամ ժամանակ չեմ ունենալու»,-ասում է հերոսի մայրը:
Նրա խոսքով՝ որդին չի ասել, որ թեժ կետերում է կռվել, միշտ ասել է, որ թաքստոցում են: Հակոբը կռվել է Վարանդայի, Հադրութի, Քարին Տակի շրջաններում: Մի քանի անգամ շրջափակման մեջ է եղել ու դուրս է եկել:
«Հրամանատարներից մեկն ասաց, որ Հակոբն իր ընկերների հետ շատ լավ են կռվել, բազմաթիվ տեխնիկա են ոչնչացրել: Նա լավ զինվոր է եղել, և՛ կռվի ժամանակ, և՛ ծառայության ընթացքում»,-պատմում է տիկին Արզումանյանը:
Հակոբ Եղիազարյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 4-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մերձակայքում:
Մանրամասները՝ տեսանյութում