Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մենք կվերադառնանք․ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացրել

Մենք պատրաստ ենք սկսել դրա [խաղաղության համաձայնագրի] շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը։

«Ոչ պաշտոնական տեղեկություններով մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանը դրան պատրաստ չէ, ինչը մեծ սխալ կլինի։ Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց: Ներկայում միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: Եթե Հայաստանը դա չի ուզում անել, իր որոշումն է, սակայն պետք է լավ իմանա, որ հետո կարող է ուշ լինել»,-նշել է նա։

Ալիևը խոսել է նաև իր «տարածքային պահանջների մասին»։

«Հիմա Հայաստանում ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում: Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր: Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ…Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ:

Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք: Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք»,-նշել է նա

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել