Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 14-ին, արդեն 6-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:
«Նախկին իշխանությունն այսօր ընդդիմություն է, նախկին ընդդիմությունն այսօր իշխանություն է: Այսինքն ինչ անենք վերադառնալու է մեզ: Ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքերը: Պատկերացնենք, եթե նա հրաժարական ներկայացնելուց հետո շարունակեր պաշտոնավարել, որպես վարչապետի պաշտոնակատար և ինքը կազմակերպեր ամբողջ ընտրական գործընթացը, արդյո՞ք այդ ժողովրդական ճնշումը կթուլանար: Հրաժարականը հենց դրա համար է, ժողովրդի ճնշման արդյունքում անձի մեկուսացում իր պաշտոնից:
Ես օրինակ՝ չեմ պատկերացնում, որ 2018 թվականին հնարավոր էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պայմաններում թուլացնել կրքերը, բայց դա տեղի ունեցավ, այսինքն նա որպես պաշտոնակատար չմնաց:
Մենք կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ից հետո չէր կարող հանդիսանալ վարչապետի պաշտոնակատար»,- իր ելույթում նշեց Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ընտրական ցուցակներն իրական պատկերը չեն արտահայտում, կան ուրճացված ընտրացուցակներ:
«Մեզ հնարավորություն չտրվեց, որպեսզի մենք ծանոթանանք հանրային ծառայողների և զինծառայողների քանակը որքան էր կազմում, որովհետև այս քանակը մեզ համար կարևոր էր համեմատություն անելու համար: Մեզ հնարավորություն չտրվեց նաև հոսանքազրկված ընտրատեղամասերի քանակի մասին տեղեկություն ունենալ: Մամուլում բոլորը չէ, որ արձանագրվել է: Պատճառները, տևողությունը կարևոր էր»,-նշեց Արա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ իրենց համար հարց է նախագահ Արմեն Սարգսյանը, որին ընտրել է նախորդ իշխանությունը՝ նախկին է, թե՞ նախկին չէ:
«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նրա նկատմամբ ունի մի կոմպրոմատ, մի այնպիսի լծակ, որի միջոցով նա զրկված է Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնելու հնարավորությունից, և կարևոր իրադարձությունների ժամանակ անգործություն է դրսևորում:
Մանրամասները՝ տեսանյութում