Այսօր՝ հուլիսի 12-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը հարց ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։
«Երբ օրենքը հստակ սահմանում է, որ ԿԸՀ-ն քվեաթերթիկներից և դրոշմակնիքներից բացի մնացած փաստաթղթերի վրա ունի լիազորություն՝ կայացնելու որոշում։ Ո՞ր իրավական նորմով եք Դուք առաջնորդվել, որ փոխել եք օրենքի բուն էությունը, օրենքի ամբողջ կարգավորումը՝ չունենալով ընտրական օրենսգրքով նման լիազորություն»։
Ի պատասխան հարցի՝ Տիգրան Մուկուչյանն ասաց․
«Մենք հակված չենք կարծելու, որ չունենք այդ լիազորությունը, պարզաբանվել է նորմը նման կերպ, նպատակը ո՞րն է քվեաթերթիկները և մնացած պարագաները չհրկիզվող պահարաններում տեղադրելու կամ քվեարկության սենյակում տեղադրելու, որպեսզի պահպանվի դրանց ամբողջականությունը։
Տվյալ պարագայում ընտրական գործընթացում, ըստ օրենսգրքի սահմանված նորմերի, կան բազմաթիվ գործիքներ, որոնք շատ ավելի բարձր պաշտպանության անհրաժեշտություն են զգում։ ինչ վերաբերում է քվեաթերթիկներին, մենք արդեն նշեցինք, որ հաշվի առնելով նաև քվեաթերթիկների ծավալը, եթե տեղադրվեին շատ ավելի շատ չհրկիզվող պարագաներ, ուղղակի այդ ավալներով անհնար կլիներ այդ ամեն ինչը տեղավորվեր չհրկիզվող պահարաններում, և հանձնաժողովը կայացրել է որոշում, որ դրանք կարող են տեղադրվել քվեարկության սենյակում, և սենյակը հանձնվի պահպանության։
Դրանով պայմանավորված՝ մենք չենք ունեցել գեթ մեկ դեպք, որ, օրինակ, տեղի է ունեցել քվեաթերթիկների կորուստ, անհետացում։ Այս նորմի նպատակը դա է»։
«Հայոց հայրենիք» կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներ են նշվել նրանք, որ ընտրական գործընթացում չի ապահովվել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձևը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ընթացքում տեղի է ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, համատարած բաժանվել է ընտրակաշառք և այլն:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: