Այսօր՝ հուլիսի 11-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին։
«Ես կարծում եմ՝ հայտնի խոսքն էլ վստահաբար գիտեք, երբ ասում է՝ տվեք ինձ ամենաարդար մարդու ձեռքով գրված 6 նախադասություն, և ես կգտնեմ՝ ինչի համար իրեն կախաղան հանել»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։
Այս խոսքին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց․ «Դուք ձեր մասո՞վ էիք ասում»։
Դատարանի միջամտությունից հետո ծիծաղը դադարեց նիստի ժամանակ և Սուրեն Գրիգորյանը շարունակեց իր հարցը։
«Դուք նաև մեր դիրքորոշմանն եք ծանոթ, 2-3 կետում մեջբերումներ, որ մենք կատարել ենք։ Ձեր կարծիքով՝ դատարանը պե՞տք է նաև Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունները հաշվի առնի, թե՞ այն, ինչ, որ Դուք ներկայացրել եք, լրիվ բավարար են՝ եզրահանգման գալու համար, թե, ի վերջո, եղե՞լ են բռնության կոչեր, թե՝ ոչ»,- ասաց Դուրեն Գրիգորյանը։
Դավիթ Հարությունյանը, պատասխանելով հարցին, ասաց․
«Հետաքրքիր մի երևույթ կա, պատկերացրեք՝ մի մարդ շատ բարեկիրթ կյանքով ապրում է ու հանկարծ մի օր հանցագործություն է կատարում։ Գալիս, ասում ես՝ ժողովուրդ ջան, հանցագործություն է կատարել, ասում են՝ մի րոպե, եկեք վերլուծենք՝ բա նախորդ օրն ինքը ո՞նց էր ապրում։ Հարգելի երրորդ կողմի ներկայացուցիչ, ես դատարանին ներկայացրել եմ ընդամենը այն պահերը, որոնք վտանգավոր են եղել, որոնք ազդել են ընտրողի վրա։
Իսկ արդյո՞ք Փաշինյանի ամեն մի խոսքն է ազդել ընտրողի վրա, ոչ, ես դրա մասին էլ նշեցի։ Ավելին, ես անգամ մեջբերեցի հոգեբանի կարծիքը, որ նա ևս նշում է՝ ոչ միշտ, բայց որոշ դեպքերում օգտագործվել են մեղմող արտահայտություններ։ Եվ մեղմող արտահայտություններն ինչքանո՞վ են ընկալվում ընտրողի կողմից։ Որովհետև մեր խնդիրը միայն այն չէ, թե ինչ ծրագրեր կամ պլաններ ուներ Փաշինյանը։ Մենք խոսում ենք՝ ընտրողի վրա ի՞նչ ազդեցություն թողեց, ընդդիմախոսների վրա ի՞նչ ազդեցություն թողեց, նրանց թիմակիցների վրա ի՞նչ ազդեցություն թողեց։ Եվ պարզում ենք, որ նրանց վրա ազդեցություն թողել է, որովհետև մարդկանց հիշողության մեջ հիշվում են կոշտ բառերը։
Բայց «քաղաքական ապօրինություններ» բառը ոնց ուզում եք, պտտեք, միևնույնն է, դուք չեք կարողանա գտնել այլ հիմնավորում, թե դա ինչ է, քան քաղաքական տեսանկյունից սխալ քայլեր։ Եթե դուք խոսեք քաղաքական օրենսգրքի գիծը անցնելու մասին, կամ դուք պետք է համոզեք, որ դա շատ ընդունված տերմին է, ուղղակի ես եմ հետ մնացել իրավունքից և գոյություն ունի քաղաքական օրենսգիրք, որի գիծը խախտողները պետք է պատժվե՞ն։ Ո՛չ, քաղաքական օրենսգիրք տերմինը շատ հստակ տալիս է հիմնական նպատակակետը՝ քաղաքական առումով սխալ պահող մարդ»։
Սուրեն Գրիգորյանը, արձագանքելով պատասխանին, ասաց․
«Ես հարցնում էի՝ արդյո՞ք ձեր կարծիքով մեր մեջբերված խոսքերը պե՞տք է դատարանի համար նշանակություն ունենան նաև ձեր մեջբերված խոսքերը՝ գնահատելու համար, թե՞ ոչ»։
Դավիթ Հարությունյանը պատասխանեց․
«Եթե պարզ չեղավ իմ պատասխանից, մեկ անգամ ևս պատասխանեմ․
Դատարանը կարող է դիտարկել, թե ինչ է կատարել տվյալ մարդը նախորդ օրը, էն նախորդ օրը, բայց դա որպես 10-րդ գործոն ընդամենը, որ իմանա՝ պատժաչափը ինչքա՞ն է։
Բայց դրանից ամենևին չի մեղմվում հանցագործություն կատարելու գնահատականը։ Այնպես որ, դատարանը, այո, առաջին հերթին պետք է դիտարկի այն դեպքրը, որտեղ խախտվել ՝ ազատ ընտրության իրավունքը, երկրորդ հերթին այն դեպքերը, որտեղ խախտվել է հավասար ընտրության իրավունքը, բայց կարող է նաև որպես մեղմեղ հանգամանք, դիտարկել այն, որ երբեմն-երբեմն Փաշինյանն իր բառապաշարն օգտագործելուց օգտագործել է «օրինախախտ» բառը, «անձամբ ասֆալտին փռել» բառերը, հավանաբար, շատ բարի ցանկություններից ելնելով, թեև եթե ես լինեի դատավոր, վստահեցնում եմ, որ «անձամբ ասֆալտին փռելը», «ատամները ջարդելը», «մուրճով դատարկ գլխին խփելը», անգամ եթե այն ուղղված է օրինախախտներին, կդիտարկեի ժողովրդավարության դեմ ուղղված խոսք։
Որովհետև եթե իշխանություն ունեցողը, ում ենթարկվում են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, նման բան են ասում, այդ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վազում են ու սկսում են դա կատարել։ Եվ յուրաքանչյուր սովարական մարդու մեջ այդ ահը կա։ Ձեր մեջ չկա, իհարկե, բայց յուրաքանչյուր սովորական մարդու մեջ կա»։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: