Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար պետք է մրցութային խորհուրդ է ձևավորվի, որը սահմանված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածով։
Օրենքի համաձայն խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից։
Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ ՄԻՊ-ը թեկնածու չի առաջադրել։
««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով պահանջվող պարտադիր պայմաններին համապատասխանող աշխատակից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում չլինելու պատճառով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չի առաջադրել»,-ասված է պատասխանի մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 29-ին Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստին, քվեարկության 11 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։
Հերիքնազ Տիգրանյանի նշանակումը՝ որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ անօրինական է, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Բացի սա, հունիսի 28-ին Կառավարության պաշտոնական կայքէջում հայտարարություն հրապարակվեց, որում ասվում է․
«Վարչապետի աշխատակազմի կողմից հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուիչների ներգրավման համար հայտարարված մրցույթին դիմել են և հաղթող են ճանաչվել hետևյալ կազմակերպությունները՝ Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ և Իրազեկ քաղաքացիների միավորում խորհրդակցական ՀԿ»։
Հետաքրքրականն այն է, որ ավելի ուշ այս հայտարարությունը հեռացվել է կայքից և այժմ նյութի հղմամբ անցնելու դեպքում ցույց կտա, որ նման էջ գոյություն չունի https://www.gov.am/am/announcements/item/1090/։ Դա երևում է նաև հայտարարությունների բաժնում․ հունիսի 28-ին հրապարակված հայտարարությունը չկա․
Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հունիսի 9-ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասվում է․
«2021 թվականի հունիսի 4-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ: Մրցույթի հայտարարությունը հրապարկվել է Կառավարության կայքէջում 2021 թվականի հունիսի 4-ին, ուրբաթ օրը: Հայտերի ընդունման ժամկետ է սահմանված ընդամենը 5 օր, հունիսի 7-11-ը ներառյալ (հայտարարությանը հաջորդող երկուշաբթիից ուրբաթ):
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հաշվի առնելով այն արատավոր պրակտիկան, որ առկա էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի գործընթացներում, որի վերաբերյալ սույն թվականի հունիսի 4-ին հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, հայտարարում է, որ չի մասնակցելու Խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների ներգրավման նպատակով անցկացվելիք մրցույթին:
Ավելին, Կոալիցիան կասկածի տակ է դնում այս չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի ժամանակ՝ հանկարծակիության, կեղծ ժողովրդավարության ու թափանցիկության շղարշի ներքո։ Ուստի, Կոալիցիան կոչ է անում Կառավարությանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը և Ազգային Ժողովի նոր կազմի ձևավորումը ձեռնպահ մնալ վերոնշյալ ձևական մրցույթի անցկացումից և դրա շղարշի ներքո քաղաքական նշանակումներ կատարելուց: Դեռ ավելի վաղ, Կոալիցիան բացասական կարծիք էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, այլ պաշտոնյաների նշանակման գործընթացի ու այլ կարևոր դրույթների վերաբերյալ, քանի որ այն լինելու էր կոլեկտիվ կուսակցական և խմբային շահի առաջնորդությամբ, կառավարության հովանավորության ներքո, մեկ անձի՝ վարչապետի կողմից կատարված քաղաքական նշանակում: Ի սկզբանե, նման ձևակերպմամբ օրենքը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։ Հետեւաբար, կոռուպցիոն վարքագծով, շահերի բախմամբ հակակոռուպցիոն մարմինների ձեւավորումն ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Եւ դրա մասնակիցը մենք՝ որպես հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներ, չենք կարող լինել:
Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան»։