«Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի «քրեական հեղինակություն» Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Արմեն Ղարիբյանն արդարացվել է։ Այս մասին Իրավաբա.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Սարդարյանը:
«Արմեն Ղարիբյանն արդարացվել է ապացույցների բացակայության հիմքով: Այսինքն որևէ ապացույց չկա անձի մեղավորության վերաբերյալ»,-ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ իր պաշտպանյալին 1 տարի և 10 ամիս պահել են կալանքի տակ:
Արսեն Սարդարյանն ասաց, որ Արմեն Ղարիբյանը կորոշի՝ փոխհատուցում պահանջել, թե ոչ:
Անդրադառնալով մեղադրանքի հիմքում դրված հեռախոսազրույցին՝ իր պաշտպանյալի և սպանության մեջ մեղադրվող անձի միջև, փաստաբանն ասաց. «Հեռախոսազրույցի ապացույց որպես այդպիսին չկա իմ վստահորդի դեմ, կա հեռախոսների կապ, բայց թե ինչ են խոսել, ոչ մի տեղեկություն և ապացույց չկա, բայց նույնիսկ, եթե ապացուցվի, դա վերաբերելի ապացույց չէ սպանության օժանդակության առումով»:
Նշենք, որ դատավճիռը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Հիշեցնեք, որ 2019 թվականի հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։
Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում։ Ոստիկանության ծառայողները տեղում իրականացրել են անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ՝ պարզելով դեպքի մի շարք հանգամանքներ։ Ոստիկանության փորձաքրեագետների և քննչական կոմիտեի ծառայողների կողմից դեպքի վայրը մանրակրկիտ զննվել է։
Լուսանկարում Անդրանիկ Հարությունյանն է