Ո՞րն է օնլայն տաքսիների ծառայությունների գների աճի պատճառը․ GG և Yandex ընկերությունները պարզաբանում են

Վերջին շրջանում օնլայն տաքսի ծառայությունների դրույքաչափերը և հավելավճարները զգալի բարձր են․ հաճախ՝ կրկնակի կամ եռակի։ Եթե բարձր սակագնով տաքսի գտնելը ստացվում էլ է՝ հաճախորդները ստիպված են լինում ավելի երկար սպասել, մինչև վարորդը հաստատի պատվերը և մոտենա պատվիրատուին։

Իրավաբան․net-ը խոսել է GG և Yandex տաքսի ծառայությունների ներկայացուցիչների հետ` փորձելով պարզել, թե ո՞րն է վերջին շրջանում նման խնդիրների առաջացման պատճառ(ներ)ը։  

GG-ն նվազագույն արժեքի փոփոխությունը կապում է վերջին շրջանում պատվերների ավելացման հետ։ 

Ընկերության սպասարկման բաժնի ներկայացուցիչ Գայանե Գարեգինյանը նշում է, որ նրանք աշխատանքներ են կատարում, որպեսզի ներգրավվեն նոր գործընկերներ (վարորդներ) և կարողանան հնարավորինս կայուն պահել նվազագույն արժեքը։ 

«Գործընկերների ներգրավումը ժամանակ է պահանջում, այդ պատճառով չենք կարողանում արագ շտկել ստեղծված իրավիճակը և հետ բերել նվազագույն արժեքը, որը երկար տարիներ GG ընկերությունը չի փոխել։

Օրվա յուրաքանչյուր ժամի հնարավոր է՝ նվազագույն արժեքը փոխվի։ Կախված նրանից, թե որտեղ է գրանցվում պատվերը, այդ տարածքում ինչպիսի ակտիվություն է դիտարկվում, կան արդյոք համապատասխան թվով գործընկերներ այդ տարածքում, դրանից ելնելով նվազագույն արժեքը նույնը չի մնում»,-նշում է նա ու հավելում, որ եթե  պատվերների թիվը չի գերազանցում վարորդների թիվը, ապա դրույքաչափի փոփոխություն չի գրանցվում։ 

Yandex-ը հավելավճարի առկայությունը ևս կապում է տարածքում առաջարկի և պահանջարկի տարբերության հետ։ Երբ առաջարկը ավելի քիչ է, կան ավելի քիչ մեքենաներ, քան պահանջարկն է, գինը ինքնստիքյան թանկանում է։ 

«Թանկացման համար կան հատուկ ալգորիթմեր, որոնք չափում են, թե որքան պետք է բարձրանա արժեքը։ 

Որքան դրույքաչափը բարձր է լինում, այդքան մեքենաները մոտիվացվում են դուրս գալ գիծ և բալանսավորել այդ պահի դրությամբ տվյալ տարածքում առաջարկը և պահանջարկը»,-նշում է Yandex տաքսիի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։

Ընկերությունները թանկացման 2 հիմնական գործոնի մասին են հայտնում․ գերպահանջարկը և աշխատանքային շուկայի սակավություն։ 

Գործոն 1․ Եղանակային պայմաններ

Անբարենպաստ եղանակով պայմանավորված, օրինակ երբ անձրև է գալիս, դրույքաչափի բարձրացում չի նախատեսվում, սակայն դրանից է կախված պատվերների ակտիվությունը։

GG-ի ներկայացուցչի խոսքով՝ եթե անգամ անձրև է գալիս կամ վատ եղանակ է և այն տարածքում, որտեղից պատվեր է գրանցվել կա համապատասխան գործընկերների քանակ, այդ դեպքում նվազագույն արժեքը չի փոխվում։

«Անձրևի ժամանակ լինում է գերպահանջարկ, մարդիկ նախընտրում են մեքենայով փոխադրվել։ Եթե այդ պահին կա, օրինակ, 100 մեքենա և պետք է լինի 100 հաճախորդ։ Սակայն վարորդներ կան, որոնք նախընտրում են անձրևային պայմաններում մեքենա չվարել՝ պատահարներից խուսափելու համար։ Այդ դեպքում ունենում ենք 80 մեքենա, իսկ 100 հաճախորդի փոխարեն 150 հաճախորդ»,-նշում է Ավետիս Գասպարյանը։ 

Գործոն 2․ Վարորդների պակաս

«GG ընկերությունում նշված պատճառով նվազագույն արժեքի փոփոխություն չի լինում։ Հնարավոր է բացառություններ լինել։ Եթե մեր գործընկերը ունի առողջական խնդիր, ապա ցերեկային ժամերին չի աշխատում։ Այսպիսի գործընկերները նախընտրում են աշխատանքը կազմակերպել այնպես, որ երեկոյան կամ առավոտյան ժամերին սկսեն փոխադրումների իրականացումը»,-նշում է Գայանե Գարեգինյանը՝ հավելելով, որ վարորդների պասիվություն համակարգում չի գրանցվել։

Ըստ Ավետիս Գասպարյանի՝ վարորդների թվի պակասը տարբեր գործոններից է կախված, օրինակ՝ սեզոնային աշխատանքից վերադարձած քաղաքացիները, երբ  նոյեմբերից մարտ ամիսներին լինում են Հայաստանում, նախընտրում են որպես վարորդ փոխադրում իրականացնել։ 

Yandex-ի ներկայացուցիչը գների թանկացումը պայամանավորում է ինչպես տուրիստական հոսքերով, այնպես էլ խցանումներով։

«Քանի որ մեր երկիր հիմնականում այցելում են ռուս տուրիստները, նրանք օգտագործում են Yandex-ի հավելվածը, դրանով է պայմանավորված, որ ունենք գերպահանջարկ։ Օրինակ՝ 1 ամիս առաջ թանկացումը պայմանավորված էր առաջնային և երկրորդային նշանակության ճանապարհատրանսպորտային ուղիների շինարարություններով։ Ունենում էինք խցանումներ, կաթվածահար փողոցներում ունենում էինք հսկայական պահանջարկ և մեքենաների գնի թանկացում։ Հիմա այդ խնդիրը լուծված է, այս անգամ էլ ունենք շատ շոգ եղանակ և այդ տենդենցը շարունակվում է։ Որքան լինի առաջարկի և պահանջարկի միջև տարբերությունը, այդքան էլ հալավճարի ավելացում կգրանցվի»,-նշում է Գասպարյանը։

Կարելի է ենթադրել, որ քանի դեռ պահպանվում է բարձր ջերմային ֆոնը, օնլայն տաքսի ծառայությունների դրույքաչափերը բարձր են լինելու, հավելավճարները՝ ևս։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել