«Կոնգրեսի ցուցակում ընդգրկվածների մեծ մասին չեմ էլ ճանաչում: Ցուցակը կազմել է վարչությունը, վստահ եմ, որ կազմել եք լավագույն ցուցակը»,-այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ընտրարշավի մեկնարկին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ սրանք սովորական ընտրություններ չեն և Հայաստանում շատ պայթյունավտանգ իրավիճակ է:
«Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Կա 2 բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության, պատրաստ են ամեն ինչի: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: Երկու կողմն էլ դիմելու է ցանկացած քայլի իրենց նպատակին հասնելու համար»,-ասաց 1-ին նախագահը:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ դաժան պարտությունից հետո՝ հակառակ լրջանալուն, պահն օգտագործվում է երկրի վիճակն ավելի խորը փոսի մեջ նետելու համար:
«Երբեք ոչ մեկի ազնիվ խոսքին չհավատաք, ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Մենք արդեն տեսել ենք նրանց ազնիվ խոսքն ինչ է արժեցել մեր ժողովրդի համար: Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն՝ մեկ է»,-նշեց նա:
1-ին նախագահի խոսքով՝ այս վիճակից դուրս գալու մեկ հրաշալի միջոց կար՝ հանդարտ, հանգիստ կատարել իշխանափոխություն:
«Ինչ ծրագրով են եկել այդ երկուսը, ոչ մի ծրագիր էլ չկա, գոյություն չունի: Էդ իրենց պատրաստած փաստաթղթերին բացարձակ չի կարելի վստահություն ընծայել: Հիմա, ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում, Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում, ասում է՝ ես գալու եմ, մեկ-մեկ բոլորիդ պատժելու եմ: Այդպիսի մարդ է նա»,-ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին հիանալի պատասխան է տվել, երբ ասել է, որ դուելի կգնա ցանկացած զենքով. «Այսինքն ստացվում է պարսատիկից մինչև Ատոմային զենք: Ես նրան մերժեցի ուղղակի խղճահարությունից ելնելով: Խղճացի, որովհետև այդ բանավեճը Նիկոլի համար ինքնասպանություն կլիներ: Այդ ես չեմ ասում, ինքն է ասել 2009 թվականին՝ առաջին նախագահը մի ահավոր բնավորություն ունի՝ վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»: