Կութ գյուղի հովվի ուղղությամբ կրակ է բացվել․ ՊՆ

Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ  Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել միջադեպ։ Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։

Իրավաբան․net-ը կապ էր հաստատել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանի հետ, ով ասել էր․ «Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև համ խառն ենք, համ էլ հաստատ չգիտեմ, հլը հովիվը տեղ չի հասել, անասուններն էլ չեն հասել, որ իմամանք՝ ինչ է եղել, ոնց է եղել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել