ՀՀ սահմանից ադրբեջանական զինուժի կողմից առևանգված 6 զինվորները ականներ տեղադրելիս են եղել․ Փաշինյան

Հայաստանի զինված ուժերի 6 զինծառայողներ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։

Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության հերթական նիստից առաջ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով։

«Ինչ ի նկատի ունենք սահմանի կահավորման աշխատանքներ ասելով՝ իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքները իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։

Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով, իհարկե, հետագայում եղել է տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են։ Գերեվարման հանգամանքները պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ և տեղի է ունեցել մր զինծառայողների առևանգում՝ ՀՀ տարածքից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ բոլորին հայտնի է, որ մայիսի 12-ից այդ տարածքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ և տեղի ունեցող գործընթացները անընդունելի են հայկական կողմի համար։ «Ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել