ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն, անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ասել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից ընդունված եռակողմ հայտարարության ընդունումից հետո Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը և ընթացիկ բանակցային գործընթացը ուժեղացնում են երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները», – ասել է Վալերի Սեմերիկովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պահանջում է անհապաղ միջոցառումներ՝ առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական բնույթի։ Նա ասել է նաև, որ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցի լուծում:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը:
Մայիսի 25-ին ՊՆ հայտնեց, որ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։