Կարանտին հայտարարելու վերաբերյալ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման մեջ այսօր լրացումներ և փոփոխություններ են կատարվել։
Կանխարգելման նոր միջոցների ներդրմամբ պայմանավորված՝ կառավարությունը վերանայել է կարանտինային սահմանափակումների շրջանակը։
✅ Այն քաղաքացիները, որոնք պատվաստման հավաստագիր կունենան, մեր երկիր գալու դեպքում ՊՇՌ թեսթ այլևս չեն հանձնի։
✅ ՀՀ մուտք գործելիս մինչև 1 տարեկան երեխաները ևս ՊՇՌ թեսթ հանձնելու կարիք չեն ունենա։
Ներկայացվող նախագծով տարանջատվում է կառավարության որոշման մեջ մեկուսացման և հոսպիտալացման պահանջը և հստակեցվում է առաջարկվող կարգավորումը։ Նախագծով նախատեսվում է նաև Հայաստան մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ:
«Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի կարիք չեն ունենա», – ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին փորձում են զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց:
Ավանեսյանն ասաց, որ մինչև մեկ տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանել են:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասաց, թե շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն:
Փաշինյանի խոսքով՝ կարող են արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս:
«Մենք բավականին լավ ենք կառավարել ու կառավարում կորոնավիրուսի համավարակը», – ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծվում կորոնավիրուսի պայքարի դեմ իրենց քայլերի շուրջ:
«Բոլոր այդ մարդկանց՝ տեղեկատվությունը բաց է, խորհուրդ եմ տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները: Մենք ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից», – ասաց Փաշինյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում պատվաստվել է յոթ հազար հարյուր քաղաքացի:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուրախ է, որ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել է, պատվաստվել են ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով:
Որոշումը ընդունվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։