Այսօր՝ ապրիլի 28-ին, տեղի ունեցավ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական շնորհանդեսը: Այն հիմնադրվել է 2020 թվականի դեկտեմբերին, պետական գրանցում են ստացել 2021 թվականի հունվար ամսին:
«30 տարի, վերաբնակեցումից ի վեր, մարդիկ վերակառուցել են գրեթե ավերված Քաշաթաղը: Կազմակերպության նպատակն է պաշտպանել քաշաթաղցիների շահերը ստեղծված իրավիճակում, որպեսզի պաշտպանենք քաշաթազցիների շահերը, թե՛ իրավական, թե՛ սոցիալտնտեսական խնդիրները և ամենակարևորը համախմբենք քաշաթաղցիներին»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ տնօրեն Կարինե Մովսեսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին` «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության հիմնադրման, ռազմավարական պլանի մշակման և կազմակերպական կարողությունների զարգացման հարցերում ցուցաբերած շարունակական աջակցության, իսկ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին, հանձինս բարերար Գաբրիել Ջեմբերջյանի, աշխատավայրի ապահովման հարցում ցուցաբերած օգնության համար։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը` նշելով, որ շատ կարևոր է Հայաստանում ստեղծել դիմադրության համակարգ և «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հիմնադրմամբ ստեղծվել է դիմադրության այդ համակարգի կարևոր հանգույցներից մեկը: «Ինչպես արդեն գիտեք՝ հասարակական կազմակերպության ուղղություններն արդեն համակարգված են՝ իրավա-քաղաքակն և իրավունքների պաշտպանության խնդիրների լուծումից մինչև պատմամշակութային արժեքների միջազգային պաշտպանության խնդիրները»,-նշեց Կարեն Զադոյանը:
Ելույթներ ունեցան նաև քաշաթաղցիները։ «Կյանքիս 16 տարիներն անցել են Քաշաթաղում: Արշավներ էի սկսել Քաշաթաղը նորովի ճանաչելու համար: Երբ պատերազմը սկսվեց՝ վերադարձանք այստեղ, մեր տունը մնաց Բերձորում: Մոտ մեկ ամիս առաջ եմ իմացել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության մասին: Նպատակ ունենք՝ նրանց համար, ովքեր չհասցրեցին լինել Քաշաթաղում, ծանոթացնել մեր տեսանկյունից: Ցանկանում ենք բոլորն իմանան Արցախի արժեքը, որովհետև Երևանում շատերը չեն հասկանում գինն ու կարևորությունը մեզ համար: Մեծ հույսեր ունեմ, որ կվերադառնանք ու կշենացնենք Քաշաթողը: Հիշում եմ, երբ փոքր էինք, ինչ-որ նպատակներ ունեինք Բերձորի հետ կապված․ օրինակ՝ խաղահրապարակը լավը չէր, երազում էինք այն վերակառուցել, բայց, ցավոք, չհասցրինք»,-պատմում է քաշաթաղցի Մանե Ադամյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Քաշաթաղում ծնված աշակերտները` ներկայացնելով հայկական մշակույթը` երգարվեստի, ասմունքի և պարի միջոցով:
Հավելենք, որ «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Հադրութի դեօկուպացիա», «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի անշահախնդիր աջակցությամբ։
Նյութի և լուսանկարների հեղինակ՝ Հասմիկ Սարգսյան