Այսօր՝ ապրիլի 28-ին, տեղի ունեցավ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության բացման պաշտոնական շնորհանդեսը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
«Շատ կարևոր է Հայաստանում ստեղծել դիմադրության համակարգ և «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հիմնադրմամբ ստեղծվել է դիմադրության այդ համակարգի կարևոր հանգույցներից մեկը:
«Ինչպես արդեն գիտեք՝ հասարակական կազմակերպության ուղղություններն արդեն համակարգված են՝ իրավա-քաղաքակն և իրավունքների պաշտպանության խնդիրների լուծումից մինչև պատմամշակութային արժեքների միջազգային պաշտպանության խնդիրները»,-նշեց Կարեն Զադոյանը:
ԻՀԱ նախագահի խոսքով՝ այժմ Հայաստանում պակասում են ինքնիշխան հասարակական կազմակերպությունները, որտեղ որոշումներն ընդունվում են կազմակերպությունների ներսում, և այդպիսի ինքնիշխան կազմակերպություն կարող է դառնալ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ն, քանի որ ունի հստակ ռազմավարական պլանը` իր տեսլականով, առաքելությամբ, արժեքներով, առանձնահատուկ նպատակներով և կազմակերպության բոլոր գործողությունները բխում են հենց ռազմավարական պլանից:
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ, այսօրվա միջոցառումը թող լինի այդ վերադարձի սկիզբը: Կրկին անգամ ցանկանում եմ նշել, որ ներկա շրջանում շատ կարևոր է նմանատիպ դիմադրության հանգույցների ստեղծումը: Եթե չունենանք այդ հանգույցները, անգամ մտովի չենք կարող պատկերացնել ապագայում վերադարձն ու իրավաքաղաքական խնդիրների լուծումը»,-ասաց նա։
Հավելենք, որ «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Հադրութի դեօկուպացիա», «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ»,«Վերադարձ դեպի Դիզակ», «Կումայրի» արցախահայերի, «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։