ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լուրջ հարված է հասցրել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (MPR) առաջնորդ Դեվլեթ Բահչելին՝ մեկնաբանելով Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Սպիտակ տան ղեկավարի սկանդալային հայտարարությունները, փոխանցում է Anadolu-ն։
Ըստ նրա, Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունն ապացուցեց, որ ԱՄՆ բարեկամությունը սուտ է, իսկ ռազմավարական գործընկերությունը ՝ հեքիաթ:
Բահչելին նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են պատմական խաչմերուկում:
«Անկարան պետք է նախ տեղակայի С-400 համալիրներ և ԱՄՆ-ից պահանջի վերադարձնել F-35 հինգերորդ սերնդի ինքնաթիռների ծրագրի շրջանակներում փոխանցված միջոցները», – ասաց Բահչելին:
Քաղաքական գործիչը Բայդենին անվանել է «խաղալիք լոբբիի ձեռքին»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: