Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը երկրի խորհրդարան է ներկայացրել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ հղում անելով խորհրդարանի հայտարարությանը:

«Այս հողում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, և արդարության կարելի է հասնել միայն Թուրքիայում: Այդ նպատակով ես խորհրդարան եմ ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ», – ասվում է առաջարկվող նախագծի տեքստում:

Նա նշել է, որ այդ տարիներին տուժել են նաև իր նախնիները:

Փայլանը նաև առաջարկել է վերանվանել Թուրքիայում գտնվող այն օբյեկտները, որոնք կոչվել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչների անուններով:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել