Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «ուղղիր այս լուրջ սխալը»:
Անկարան հավելել է, որ ամերիկացի առաջնորդի խոսքը խարխլում է երկու երկրների միջև վստահությունը:
«ԱՄՆ-ի այս հայտարարությունը, որը «խեղաթյուրում է պատմական փաստերը», երբեք չի ընդունի թուրք ժողովուրդը, և կտա խորը վերք, որը խաթարում է մեր փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը», – հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայդենի խոսքերը միտված են «բավարարելու որոշակի քաղաքական շրջանակների»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: