Ապրիլի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի միջև:
Ինչպես հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, նախարար Ջեյհուն Բայրամովը անընդունելի է համարել 1915 թ. իրադարձությունները քաղաքականացնելու որոշ երկրների առաջնորդների փորձերը և շեշտել, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին «պատմական փաստերի խեղաթյուրում է»:
Բայրամովը զրուցակցի ուշադրությանը հրավիրել է այն բանի վրա, որ չնայած 100 տարի առաջվա իրադարձությունները ներկայացված են «աղավաղված տեսքով», բայց Խոջալուում 30 տարի առաջ եղած դեպքերին «արդար» գնահատական տալու անկարողությունը կողմնակալության օրինակ է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին:
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։
Նշելով, որ այս որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: