Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում են վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառվել։
Փաստաբանը պատմում է, որ մոտ 11։00-ին Հովսեփյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ եկել է Երևան, Քննչական կոմիտե։ Կարապետյանը գնացել է կոմիտե, սակայն շենքում Մենուա Հովսեփյանին «չեն կարողացել գտնել»։
«Պարզվում է՝ ոստիկանությունը միջոցառում պետք է իրականացներ։ Գալիս են ու գաղտնի, որ մենք չտեսնենք, ձեռնաշղթաներ են հագցնում, մարդու քիթը համարյա գետնին կպցրած, քարշ տալով շենքից տանում են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Այսինքն, բերել էին քննիչի մոտ, ոստիկանը գալիս է, քննիչի մոտից գողանում ու տանում է։ Երևանի քաղաքի վարչությունում մեզ հայտնեցին, որ ոստիկանները Հովսեփյանին բերման են ենթարկել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են բերման ենթարկել, եթե անձը արդեն քննիչի մոտ էր»,-պատմում է Կարապետյանը։
Մենուա Հովսեփյանը փաստաբանին պատմել է, որ դիմակավոր մարդիկ (խոսքը չի վերաբերում բժշկական դիմակներին) իրեն տարել են վարչության շենքի 3-րդ հարկ, որտեղ իրենց վերադասն էր։ Նրան տապալել են գետնին, մարմնական վնասվածքներ են պատճառել ու հայհոյել։
«Դեմքը քերծված էր։ Ոտքերը գլխին են դրել, մեջքին, նսեմացրել են նրան։ Ասել են․ «Հերո՞ս ես դարձել, այ 3 դրամանոց արաղ խմող, քաբաբ ուտող չաղ։ Եկել ես՝ քեզ ես ցույց տալիս»։ Այդ կարգի մանկամիտ և վիրավորական գործողություններ են կատարել ու դրանք տեսանկարահանել՝ կոնկրետ նպատակով։ Այդ գործողություններից հետո նրան վերադարձնում են Քննչական կոմիտե ու արձանագրություն են գրում, որ Մենուա Հովսեփյանը 14։00-ին բերման է ենթարկվել ու բերվել կոմիտե»,-պատմում է Կարապետյանը ու հավելում՝ խոշտանգման վերաբերյալ ՀՔԾ հաղորդում է ներկայացվել։
Նշենք, որ Մենուա Հովսեփյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, 5 անչափահաս երեխաների հայր։ 5-րդ երեխան մոտ 1 ամիս առաջ է ծնվել։
Կարապետյանը նշում է, որ ձերբակալության արձանագրության մեջ նշվում է, որ Հովսեփյանը, ենթադրաբար, կատարել է ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը (խուլիգանություն)։
«Վարույթն իրականացնող մարմնին հարցրինք՝ փոխքաղաքապետը ինչի՞ն է մասնակցել, որ նրան բերել եք այստեղ։ Ոչ մի այդպիսի տվյալ չկա։ Ինքը չէր մասնակցի, նման բան չէր անի։ Նշվում է, որ խուլիգանություն է կազմակերպել, սակայն չի նշվում՝ ինչ եղանակով»,-նշեց փաստաբանը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձերբակալության իրավաչափությունը բողոքարկվել է դատարան։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ նշվում է, որ Մենուա Հովսեփյանը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին առանձնազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Գորիսից իրեն բերման ենթարկելուց հետո իրեն տեղափոխել են Քննչական կոմիտե, սակայն կոմիտեի շենք մուտք չեն գործել և մոտ 30 րոպե ոստիկանական ավտոմեքենայի մեջ սպասելուց հետո տեղափոխել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենք:
«Ըստ Մ.Հովսեփյանի՝ Ոստիկանությունում իր նկատմամբ գործադրվել է բռնություն, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողներն, իրեն աշխատասենյակ տանելով, գցել են գետնին և ոտքերով հարվածել, հետո գետնին գցած վիճակում քարշ են տվել մեկ սենյակից մյուսը և տեսանկարել քարշ տալու ընթացքը: Այդ սենյակում թույլ չեն տվել նստել, ստիպված է եղել ոտքի վրա մնալ մոտ 30 րոպե: Այդ ողջ ընթացքում իր նկատմամբ ցուցաբերվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այդ թվում՝ հայհոյանքներով: Այդ ողջ ընթացքում եղել է ձեռնաշղթաներով՝ ձեռքերը մեջքի հետևում:
Այս նույնը պնդել են նաև փաստաբանները և տեղեկացրել, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես համապատասխան գրություն կհասցեագրի ՀՀ դատախազություն»,-նշվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել, բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։
Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։
Եվգենյա Համբարձումյան