Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքն արդեն պատրաստ է և ներկայացնելու է դատարան։
«Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։ Վերջինիս կազմից քիչ առաջ զանգեցին ինձ և ասացին, որ բողոքի քննարկումը տեղի է ունենալու վաղը ժ. 18:30-ին, քանի որ քննիչին հարմար չէ մինչ այդ»,-այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը։
Նրա խոսքով՝ բողոքի քննարկումն ակնհայտ ձգձգում են։ Փաստաբանը նշեց, որ այս պահին Մխիթար Զաքարյանը պահվում է ձերբակալվածների պահման վայրում։
«Դատարանի աշխատակազմին ասացի, որ դատարանը պարտավոր է այս բողոքը քննարկել առաջնահերթության կարգով, քննիչի չներկայանալու հարցը թող դատարանը դատական նիստով քննարկի և որոշի, մինչդեռ կազմից պատասխանեցին, որ դատարանը նաև հերթապահ է, այս պահին այլ գործեր ունի անելու»,-նշեց փաստաբանը։
Ավելի վաղ հայտել էինք, որ փաստաբան Գայանե Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը վարույթն իրականացվող մարմնի կողմից ներկայացվում է Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կազմակերպիչ։ Նա ասել էր, որ քննիչները չեն կարողացել բացատրել կասկածանքի էությունը։ Պաշտպանական կողմին չի բացատրվել, թե Զաքարյանը ինչ գործողություններ կատարելով է կազմակերպել նշված իրադարձությունները։