Փաշինյանը փակագծեր բացեց․ ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է։

Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Նրա խոսքով՝ 2019 թվականը Հայաստանի համար աննախադեպ հաջող տարի է եղել։

«2019 թվականին մենք ունեցանք վերջին 10 տարվա համար աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ՝ 7,6 տոկոս տնտեսական աճ և շուրջ 63 միլիարդ դրամով գերակատարեցինք բյուջեի եկամտային մասի նախապես ծրագրավորված պլանը։

2020 թվականի հունվար-փետրվարին տնտեսական աճի այս դինամիկան շարունակվեց։ 2020 թվականի հունվար-փետրվարին ՀՀ-ում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մարտից արդեն Հայաստան մուտք գործեց կորոնավիրուսը և մեր մոտ սկսեց ճգնաժամային մի ժամանակաշրջան․ թվում էր, թե կորոնավիրուսը մեզ համար լինելու է 2020 թվականի վատագույն հիշողությունը, բայց սեպտեմբերի մենք ունեցանք 44-օրա պատերազմը՝ մեզ համար ծանր հետևանքներով։ Այս հանգամանքների բերումով ՀՀ կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ թեպետ պատերազմի մասին շատ է խոսվել, բայց պատեհ է համարում պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների ու մի շարք հարցերի պատասխաններ տալու համար։ Վարչապետի խոսքով՝ այս ընթացքում եղել են թյուրըմբռնումներ, ոմանք՝ հատուկ, ոմանք՝ ակամա և ոչ դիտավորյալ։

«Ուզում եմ սկսել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին արած հայտարարությունից։ Նոյեմբերի 17-ին, այն ժամանակ դեռ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ պատերազմի 4-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուտսները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը՝ նելով, որ 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար։ Ուզում եմ այս ամբիոնից պատասխանատու և պաշտոնապես ասել, որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։ Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան․ դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ խոսքը սեպեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է․ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ Ընդգծում եմ, ԳՇ պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել մի պարզ պատճառով, որովհետև 2020 թվականի օգոստոսի 21-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում, զեկույցում հավաստիացրել է․ «Արցախյան ուղղությամբ մենք կարող են առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումներին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել