Առնվազն 17 մարդ է մահացել Մյանմայում ցուցարարների ու իրավապահ մարմինների բախումների հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Այսօր՝ փետրվարի 28-ի կեսօրին հաղորդվել էր վեց զոհի մասին:
Ըստ նորացված տվյալների՝ Յանգոնում մահացել է չորս մարդ, նույնքան մարդ Դավեյ քաղաքում, երեքը՝ Բագոյում, երկուսը՝ Մանդալայում և Պակոկկուում, չորսը՝ Մյեյում և Մոլամայում:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրում ռազմական հեղաշրջումից հետո սկսված բնակչության բողոքները ամեն օր ավելի վճռական են դառնում։ Ցուցարարները սկսում են բարիկադներ կառուցել և պաշտպանել դրանք:
Իրավապահներն իրենց հերթին ցուցարարներին ցրելու համար օգտագործում են հատուկ միջոցներ՝ ջրցան մեքենաներից մինչև մարտական զենքեր։
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հայտարարություն տարածեցին՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին, պետության ղեկավարների` նախագահ Վին Մինի, պետական խորհրդականի (պաշտոնը նման է վարչապետին), արտաքին գործերի նախարարի և իշխող «Ժողովրդավարության ազգային լիգա» (NDL) կուսակցության առաջնորդ Աունգ Սան Սու Կիի ձերբակալությունից հետո: Ձերբակալվածների մեջ եղել են նաև կուսակցության ներկայացուցիչներ և մի քանի տեղական պաշտոնյաներ:
Դրանից հետո երկրում սկսվեցին հանրահավաքներ:
Զինվորականները հայտնել են, որ աշնանային խորհրդարանական ընտրություններում լուրջ ընտրախախտումներ են եղել և առաջարկել են ևս մեկ անգամ ընտրություններ անցկացնել իրենց անմիջական վերահսկողության տակ:
Սակայն ընտրական հանձնաժողովը մերժել է բոլոր բարձրաձայնված պահանջները և հրաժարվել վերանայել քվեարկության արդյունքները: