Վրաստանի խորհրդարանը վստահություն տվեց կառավարության նոր կազմին, և այս պահից սկսած կառավարությունը ստանձնում է իր իրավասությունը: Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության կազմին կողմ քվեարկեց «Վրացական երազանքի» 89 պատգամավոր, դեմ քվեարկեցին «Քաղաքացիներ» կուսակցության երկու անդամը, իսկ «Եվրոպացի սոցիալիստների» 4 պատգամավորները ձեռնպահ մնացին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեսիան»։
Կառավարության կազմը հետևյալն է.
- Վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլի,
- Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե,
- Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթքիփանիձե,
- Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի,
- Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Նաթիա Թուրնավա,
- Արտաքին գործերի նախարար` Դավիթ Զալկալիանի,
- Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանի,
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար` Միխեիլ Չխենկելի,
- Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարար` Էկատերինե Տիկարաձե,
- Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար` Լևան Դավիթաշվիլի,
- Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրճուլաձե,
- Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար՝ Թեա Ախվլեդիանի:
Իրակլի Ղարիբաշվիլին, այսօր խորհրդրանում լսումների ժամանակ ներկայացնելով նոր կառավարության առաջիկա ծրագրերը, խոսել է առաջնահերթությունների մասին: Ղարիբաշվիլիի խոսքով` կառավարության գլխավոր առաջնահերթությունները կլինեն ապակառուցողական ուժերին սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը, պատվաստանյութի ներմուծումը և տասնամյա զարգացման նոր ծրագրի մշակումը:
«Առաջին 100 օրվա ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն երկրում կարգուկանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը: Իհարկե, մեր հիմնական առաջնահերթությունը կլինի բնակչության համար ներմուծել պատվաստանյութեր և մշակել զարգացման նոր, հավակնոտ 10-ամյա ծրագիր, որը ես կանեմ ձեր ներգրավվածության և իմ թիմի հետ միասին», — խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին: