Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:
Բացի այս, դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը՝ ոչ իրավաչափ է ճանաչելով Կարեն Բեքարյանի ձերբակալությունը։
Ինչպես արդեն հայտնել են, փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ նշել է․ «Նրանց ձերբակալում են ինչ-որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու համար։ Ու մեկ էլ – հոպ! – 10 րոպե առաջ նշված ֆեյքը գրառում է կատարում»։
Մհեր Ավագյանի փաստաբան Միքայել Շխիմյանը հայտնել էր․ «Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով, Իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ, ում որդին 44-օրյա պատերազմի մասնակից է և հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջևանի հատվածում։ Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ»։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը: