«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Արցախյան հիմնախնդրի ու բանակցային գործընթացի մասին։
Լրագրողը հարց ուղղեց պաշտոնաթող նախագահին՝ նշելով․ «Վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Ձեզնից իբրև ժառանգություն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր, այդ հնարավորությունները սպառված էին։ Այդ պատճառով նա սկսել է իր կետից, ոչ թե Ձեր կետից, ինչպես ինքն էր բառացիորեն ասում, և ճշգրտում է, ասում է, որ Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման որևէ հնարավորության մասին խոսք չի եղել Ձեր կողմից նրան թողած ժառանգության մեջ, փոխարենը խոսք է եղել միայն 7 շրջանի անվերապահ հանձնման մասին, ընդ որում՝ որևէ երաշխիք չի եղել, որ Ադրբեջանը նոր պայմաններ կամ նոր պահանջներ մեզ չի ներկայացնի։ Այսինքն՝ փաստացի 2018-ի ապրիլին բանակցային գործընթացը եղել է փակուղում»։
Սերժ Սարգսյանը հերքեց դա՝ նշելով․ «Ոչ, միանշանակ ոչ։ Նրա ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, նույնիսկ գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, այսինքն՝ լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը, թե ընդհանրապես ինչ են բանակցում։ Ձեր ասած միտքը նա շարադրել է կապիտուլյացիայից հետո և միանգամից։ Առանց հապաղման համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը՝ Պոպովը, միանգամից այդ փուչիկը պայթեցրել է։ Ինձ կարող են չհավատալ, բայց արդյո՞ք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին, որովհետև, եթե Պոպովի ասածը իրականությանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները միանգամից կփորձեին նրան ուղղել, որովհետև ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան… Գոնե սա այն հարցն էր: Որովհետև նրանք համագործակցում էին և իրարից ոչինչ չէին թաքցնում։
Ես ուզում եմ սկզբունքային խնդիրներին անդրադառնալ, ասել հետևյալը, որ մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցությունները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթություն է, անհեթեթություն․ միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։
Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը»։
Խոսելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասին, Սերժ Սարգսյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, և՝ կրելով մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ։
«Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք բացարձակապես չհամաձայնեցինք, բացարձակապես, ասացինք՝ ոչ։ Գիտեք, եթե մենք այնտեղ այլ պայմանավորվածություններ ունենայինք, և քանի որ այդ հանդիպումը եղել է եռակողմ, ապա երրորդ կողմը, այսինքն՝ համանախագահ Ռուսաստանը, այդ մասին կհայտարարեր որևէ օր՝ գոնե այն պատճառով, որ ինքը այսպես իր վարկին վնաս չհասցնի, որովհետև չէր կարող ռուսական կողմն այդպիսի խոսակցության, այդպիսի պայմանավորվածության վկան լինել ու դրա մասին չհայտնել իր գործընկերներին՝ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային։ Տեսնո՞ւմ եք՝ շրջանակն ինչքան է ընդլայնվում։ Այնպես, ինչպես ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Պոպովի շուրթերով հայտարարեց, թե ինչպիսի փաստաթուղթ էր սեղանին՝ մինչև 2018-ի գարնանային իրադարձությունները, այնպես էլ կհայտարարեր, որ այդպիսի պայմաններ են եղել։ Եվ, մյուս կողմից, եթե այդպիսի պայմանավորվածություն է եղել, բա ինչպե՞ս է սեղանին մինչև 2018-ը մնացել փաթեթային լուծման տարբերակ»,-ասաց նա։
Նրա խոսքով, նույնիսկ երբ որ 2007 թվականին, երբ առաջարկեցին «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը, դրա համար գրեթե մի տարի պահանջվեց, որ Ադրբեջանը նախնական համաձայնություն տա այդ սկզբունքների շուրջ, այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ վարելու։
«Ադրբեջանի համար դա շատ մեծ կորուստ կլիներ, և մենք այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք Ադրբեջանի նախագահի հետ, և նա էլ էր գիտակցում, որ միջադեպերի հետաքննության այդ մեխանիզմով մենք ուղղակի միջազգայնացնում էինք շփման գիծը։ Ով որ շատ թե քիչ տեղյակ է բանակցային պրոցեսից, սա շատ հստակ պետք է հասկանար, և Ադրբեջանը շատ լավ գիտակցում էր, որ դրանից հետո ուժի գործադրումը շատ ծանր հետևանքներ կունենար նրանց համար, դրա համար ամեն կերպ փորձում էի խուսափել դրանից։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ աշխատանքից պետք է որ հոգնել, իսկ ո՞վ է ասել, որ այդ աշխատանքը, չգիտեմ, երկու տարի ժամկետ ունի, երեք տարի ժամկետ ունի կամ չորս տարի ժամկետ ունի։
Գիտեք, երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին, այսպես ասած, Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար շատ հստակ հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ։ Տեսեք, ես ըմբռնումով եմ մոտենում սրանց այն ցանկությանը, որ իրենք փորձում էին ժամանակ շահել և միգուցե այդ ժամանակի ընթացքում հանգամանորեն ծանոթանալ, թե ինչի մասին էինք բանակցում և ուր էինք հասել, բայց այդ ժամանակը պետք էր շահել շատ պարզ, հասկանալի պատճառաբանությամբ և համանախագահներին բառացիորեն ասել հետևյալը՝ պարոնայք համանախագահներ, այո, նախկին իշխանությունները գողեր էին, ավազակներ էին, թալանչիներ էին և այլն, և այլն, բայց, այնուհանդերձ, 2016-ին տեղի է ունեցել պատերազմ, և պատերազմի արդյունքով դուք ինքներդ ահա այսպիսի հայտարարություն եք ընդունել։ Խնդրում եմ՝ բերեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների։ Փոխարենը ի՞նչ արեցին՝ անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին։ Կարծում եմ՝ իրենք մտածել են, որ դրանով իսկ, ինչպես ասացի, ժամանակ կարող են շահել, որովհետև դա անհնար բան էր, և երկրորդ՝ որ այդ պայմանը դնում են Ադրբեջանի առջև»,-ասաց Սերժ Սարգսյանը։